Լրահոս

28.10.2009 18:05


Զարուհի Փոստանջյանը Տիգրան Սարգսյանից փորձել է իմանալ, թե այդ ո՞ր պաշտոնյան էր հրաման տվել հարձակվել իրենց վրա

Զարուհի Փոստանջյանը Տիգրան Սարգսյանից փորձել է իմանալ, թե այդ ո՞ր պաշտոնյան էր հրաման տվել հարձակվել իրենց վրա

ԱԺ հերթական քառօրյայի ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը հարց է ուղղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին։ Հարցը վերաբերում էր 6 օր առաջ նախատեսված ակցիային՝ ընդդեմ Տիգրան Սարգսյանի արտահայտության, թե «կառավարությունը և վարչապետը պատասխանատու են 3 մլն հայերի համար, որոնք ապրում են ՀՀ-ում»։ Ակցիան նախաձեռնել էին Զ.Փոստանջյանը և Թեղուտի պաշտպանության խմբի անդամները։ Բողոքի ակցիան պետք է տեղի ունենար ՀՀ կառավարության շենքի դիմաց, այնուհետև մասնակիցները պետք է շարժվեին նախագահի նստավայրի մոտ և բողոքեին հայ-թուրքական ստորագրված արձանագրությունների դեմ։

-Հարցս վերաբերում է նրան, որ մենք 3 մլն չենք, այլ 10 մլն, և մեր կառավարությունը պետք է պատասխանատվություն կրի բոլոր հայերի համար, ոչ թե 3 մլն-ի։ Ես եկել էի բողոքի ակցիա անցկացնեի՝ պաստառով ցույց տալու, որ «Մեր հայրենիքը նաև Աղդամն է», որը «զոհ դարձավ» ոստիկաններին։ Կցանկանայի իմանալ՝ եթե ՀՀ-ում անձինք նման պաստառներով են ման գալիս, դա քրեորեն հետապնդելի արա՞րք է, որը պետք է հարձակման ենթարկվի ոստիկանների կողմից։ Ցանկանում եմ իմանալ՝ այդ ո՞ր պաշտոնյան էր հրաման տվել, որ հարձակվեին մեզ վրա, և ե՞րբ են պատասխանատվություն կրելու այն անձինք, որոնք իրագործել են այս հանցագործությունը,- իր հարցը վարչապետին է ուղղել Զարուհի Փոստանջյանը։

Պատասխանելով Զ.Փոստանջյանի հարցին՝ Տիգրան Սարգսյանն ասել է, որ բարձրացված հարցին կառավարությունը տեղյակ է. այժմ հարցը գտնվում է ուսումնասիրության փուլում, և միջադեպին ընթացք կտրվի բոլոր փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո։ Ինչ վերաբերում է իր կողմից արված արտահայտությանը, Տիգրան Սարգսյանը նշել է, որ պետք չէ աղավաղել իր արտահայտությունները։

-Ես չեմ հասկանում, թե ինչ նպատակ եք դուք հետապնդում՝ մեղադրելով ինձ այն բանի համար, որ ես իմ հեռուստաելույթում հիշատակել եմ նաև 3 մլն այն քաղաքացիներին, որոնք մասնակցում են ընտրություններին, մեր առջև դնում են խնդիրներ, և մենք մեր նախընտրական ծրագրերով այդ մարդկանց ձայներն ենք ուզում ստանալ։ Պետք չէ աղավաղել իմ ասածները։ Իմ արտահայտությունը 3մլն-ի վերաբերյալ պետք չէ դուրս բերել կոնտեքստից։ Մենք պատասխանատու ենք հայոց աշխարհի բոլոր խնդիրների համար, բայց դա չի նշանակում, որ մենք պատասխանատու չենք նաև ՀՀ-ի 3 մլն քաղաքացիների համար։ Եթե պատրաստվում եք այդ թեմայի վերաբերյալ բանավիճել, մենք սիրով պատրաստ ենք այդ բանավեճին։

Վարչապետը նշել է, որ գործողություններն այնպիսին չպետք է լինեն, որ ստիպեն իրավապահ մարմիններին կիրառել օրենքով իրենց տրված լիազորությունները։

Այս խորագրի վերջին նյութերը