Քաղաքական

23.04.2015 11:16


Սպիտակ տուն. «Օբաման Թուրքիային և Հայաստանին կառաջարկի ճանաչել 1915 թ. ողբերգական իրադարձությունների փաստերը»

Սպիտակ տուն. «Օբաման Թուրքիային և Հայաստանին կառաջարկի ճանաչել 1915 թ. ողբերգական իրադարձությունների փաստերը»

1915թ. հայերի զանգվածային սպանությունների տարելիցին ԱՄՆ–ը մտադիր է կոչ անել Թուրքիային և Հայաստանին ճանաչել բոլոր փաստերը՝ կապված այդ ողբերգական իրադարձությունների հետ։ Ինչպես տեղեկացնում է «ТАСС»–ը, այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի փոխխոսնակ Էրիկ Շուլցը։

Նշվում է նաև, որ պատասխանելով լրագրողների հարցերին՝ նա խուսափել է «ցեղասպանություն» բառն օգտագործելուց։

«Մենք մտադիր ենք օգտվել այս առիթից, որպեսզի ուշադրություն հրավիրենք 1915թ. սարսափելի իրադարձությունների վրա, և փաստերի ամբողջական, ազնիվ և արդարացի ընդունման կոչ անել, ինչը, ենթադրում ենք, բխում է բոլոր կողմերի շահերից»,–հավելել է Շուլցը՝ ընդգծելով, որ նկատի ունի Հայաստանին, Թուրքիային և ԱՄՆ–ին։

Լրագրողները հետաքրքրվել են, թե ինչու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այժմ չի արտաբերում «ցեղասպանություն» բառն այն դեպքում, երբ 2008թ. նախընտրական շրջանում հենց այդպես էր որակում 1915թ. հայերի կոտորածը։

«Նախագահը և վարչակազմի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ պարբերաբար պատմական փաստ են անվանել այն, որ 1,5 մլն հայ է սպանվել Օսմանյան կայսրության գոյության վերջին օրերին»,–պատասխանել է Շուլցը։

Նա հերթական անգամ կոչ է արել Թուրքիային կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ՝ ընդգծելով, որ Անկարան կարևոր դերակատարություն ունի Իրաքում և Սիրիայում ճգնաժամի հաղթահարման գործում։

«Մենք պատրաստվում են հատուկ բանակցություններ վարել այն թեմայով, թե ինչպես կարող ենք ամրապնդել այդ համագործակցոււթյունը»,–եզրափակել է Շուլցը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը