Լրահոս

23.04.2015 09:01


ՄԻՄՖ–ը կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ՄԻՄՖ–ը կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան, Քաղաքացիական հասարակության ինստիտուտն ու Թուրքիայի Մարդու իրավունքների հիմնադրամը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ համատեղ հուշագիր են ընդունել։

Նշվում է, որ Ցեղասպանությունը և մարդկության դեմ հանցագործությունները սպառնալիք են միջազգային հանրության և ամբողջ մարդկության համար, և նման հանցագործություններն անհնար է մոռանալ։

Փաստաթղթում նաև նշվում է, որ 20-րդ դարասկզբին տեղի ունեցած Ցեղասպանությանը ավեի քան 1,5 միլիոն հայ է զոհ գնացել, բազմաթիվ հայեր կրել են ֆիզիկական ու հոգեբանական վնաս։

Ընդգծելով, որ այս հանցագործությամբ բազմաթիվ միջազգային օրենքներ են խախտվել՝ փաստաթղթում կոչ է արվում Թուրքիային պաշտոնապես ճանաչել իր պատասխանատվությունը Օսմանյան կայսրության երիտթուրքական կառավարության կողմից հայ բնակչության ցեղասպանությունն իրականացնելու հարցում, հրաժարվել մերժողական քաղաքականությունից և հոգալ զոհերի ժառանգների ու հետնորդների, ինչպես նաև ողջ հայ հասարակության նյութական փոխհատուցման ծախսերը։

Ընդգծվում է, որ առանց նախապայմանների պետք է Թուրքիան կարգավորի Հայաստանի հետ հարաբերությունները՝ մասնավորապես բացելով ՀՀ-ի հետ սահմանը, Թուրքիայի կառավարությունը պետք է հրաժարվի ատելությունից և հայերի հասցեին մեղադրանքներից։

«Ապագայում հանցագործությունների կանխարգելման լավագույն միջոցը նախկինում կատարված ոճիրների պատժումն է»,–ասվում է փաստաթղթում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը