Լրահոս

22.04.2015 13:01


Նաիրա Զոհրաբյան. «Սիրիայում ապրող հայերը թիրախ են ԻՊ–ի ահաբեկիչների համար»

Նաիրա Զոհրաբյան. «Սիրիայում ապրող հայերը թիրախ են ԻՊ–ի ահաբեկիչների համար»

ԵԽԽՎ լիագումար նիստում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գործողությունների արդյունքում առաջացած խնդիրների մասին քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի ելույթը.

«Արդեն որերորդ նստաշրջանն է՝ մենք քննարկում ենք «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անմարդկային գործողությունների հետևանքները։ Ակնհայտ է, որ «Իսլամական պետությունը» սպառնալիք է ոչ միայն տարածաշրջանային, այլ նաև միջազգային անվտանգության համար։ Մեր գործընկեր Ժան Մարի Բոկելն անդրադարձել է այդ ահաբեկչական խմբի վայրագության հետևանքներից մեկին՝ փախստականների խնդրին, ինչը բավականին բարդ ու զգայուն հարց է։ Պարոն Բոկելն անդրադարձել է հիմնականում սիրիական պրոբլեմին, քանզի մեր նախորդ նիստերում մենք բազմիցս անդրադարձել ենք Հյուսիսային Իրաքում տեռորիստական այդ բանդայի գործողություններին։

Այո, ՄԱԿ-ի տվյալներով` սիրիական պատերազմի 4 տարիներին ռազմական գործողություններին զոհ է դարձել 215 հազար մարդ, որից 11 հազարը՝ երեխաներ։ 2011թ-ի մարտի հակամարտությունից ի վեր՝ Սիրիայում շուրջ 6.8 միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր տանիքը։ Այն, ինչ այսօր կատարվում է Սիրիայի փախստականների հետ՝ ՙհումանիտար աղետ՚ բնորոշելը խիստ մեղմ ձևակերպում է։ Սիրիական հակամարտության արդյունքում բազմաթիվ երեխաների բաժանել են իրենց ընտանիքներից։ Մոտ 2 միլիոն երեխա աջակցության կարիք ունի Սիրիայում, և ավելի քան կես միլիոն երեխա աջակցության կարիք ունի հարևան երկրներում, որտեղ նրանք ապրում եմ հատուկ ճամբարներում: Երեխաների տառապանքն անմարդկային գին է, որը նրանք վճարում են այս հակամարտության պատճառով։

Հարգելի՛ գործընկերներ, Սիրիայում իմ երկիրն ունի ամենակայուն և ազդեցիկ համայնքներից մեկը, որը ևս մեծապես տուժեց սիրիական հակամարտության արդյունքում։ Սիրիահայերը, ինչպես և երկրի մյուս բոլոր բնակիչները, իրենց վրա զգում են սոցիալ-տնտեսական աղետալի վիճակի հետևանքներն ու զրկանքները: Անցած տարի անմարդկային հարձակման թիրախ դարձան Քեսաբի հայերը, իսկ սեպտեմբերին ահաբեկիչները պայթեցրին Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին: Հաշվի առնելով «Իսլամական պետության» զինյալների հաշվեհարդարները քրիստոնյաների հանդեպ` ակնհայտ է, որ իմ հայրենակիցներին վտանգ է սպառնում նաև իրենց ազգության և կրոնի պատճառով: Հայաստանն արդեն ընդունել է ավելի քան տասը հազար փախստական Սիրիայից և, բնականաբար, պատրաստ է շարունակել ընդունելու մեր հայրենակիցներին։

Մինդեռ, Սիրիայի քաղաքացիական պատերազմով սկիզբ առած քաոսի վերջը չի երևում։

«Վերաբնակեցումը՝ որպես համերաշխության գործիք» վերտառությամբ իր այս զեկույցում մեր գործընկերը կոնկրետ քայլեր է առաջարկում սիրիացի փախստականների խնդիրները համակարգելու ու լուծումներ տալու համար։ Բայց քանի դեռ արմատախիլ չի արված հիմնական չարիքը, հետևանքների դեմ պայքարն ամեն օր ու ամեն ժամ անասելի ջանքեր է պահանջելու»։

Այս խորագրի վերջին նյութերը