Քաղաքական

22.04.2015 12:29


Մինչև ապրիլի 24-ը ՀԽ–ն և «100-ամյակն առանց ռեժիմի»–ն զերծ են մնալու հրապարակային ակցիաներից

Մինչև ապրիլի 24-ը ՀԽ–ն և «100-ամյակն առանց ռեժիմի»–ն զերծ են մնալու հրապարակային ակցիաներից

Հիմնադիր խորհրդարանի Քարտուղարության հայտարարությունը Հայոց ցեղասպանության 100-ամյակի առիթով և այդ Ցեղասպանության հետևանքների վերացման ու ընթացող դանդաղ ցեղասպանության կապակցությամբ հայ ազգի դիմագրաված մարտահրավերի մասին

Հայ ազգը մեկ դար առաջ ենթարկվեց Օսմանյան Թուրքիայի ծրագրած ու գործադրած և միջազգային որոշ ուժերի ուղղակի և անուղղակի մեղսակցությամբ իրականացված ցեղասպանության:

Հայությունը ցեղասպանվեց և հայրենազրկվեց ոչ միայն որովհետև չուներ պետականություն, այլ նաև որովհետև չունեցավ բավարար կազմակերպվածություն, նրա վերնախավը գտնվեց հանցավոր աստիճանի միամիտ, չկանխատեսեց սպասվող զարգացումները, չունեցավ բավարար շրջահայացություն ու պատասխանատվության գիտակցություն:

Մարդկության դեմ կատարված և «քաղաքակիրթ աշխարհի» կողմից անտեսված այդ ոճիրը կես դար համարյա բացառապես սուգի պայմաններում հիշատակելուց հետո հայությունը 1965թ-ից ապրիլի 24-ը սկսեց համարել պայքար և պահանջատիրություն խորհրդանշող օր, որն արդյունքավորվեց որոշ երկրների և կառույցների կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչմամբ:

Ոճրից մեկ դար անց ցեղասպանության հետևանքների վերացման համար հայության պայքարը պետք է թևակոխած լիներ այլ բարձունքներ, քան փաստի ճանաչման ու դատապարտման հերթական գրանցումները: Սակայն ոչ Սփյուռքի դասական կազմակերպվածքը և ոչ էլ, առավել ևս, քառորդ դարի պատմություն ունեցող հայկական ձևական պետականությունը չգտնվեցին ազգային առաքելության պատասխանատվության բարձրության վրա:

Ավելին: Հայաստանում հաստատված և տարիների ընթացքում ամրապնդված ռեժիմը, առաջնորդվելով բացառապես իր սեփական անձնական և խմբակային նյութական շահերով, վարեց այնպիսի հակաազգային, հակապետական և հակամարդկային քաղաքականություն, որի արդյունքում երկրի բնակչության կեսն արդեն լքել է իր օջախն ու արտերկրում գտնվում է ձուլման ճիրաններում: Հայ ազգը հայանուն մարդկանց ձեռամբ ենթարկվում է դանդաղ ու սպիտակ ցեղասպանության ու հայրենազրկման:

Նույն այս ռեժիմն այսօր աշխարհին ներկայանում է 1915թ ցեղասպանության ժառանգորդ ժողովրդի ներկայացուցչի կեղծ դիմակով: Արտաքին աշխարհից արդարություն պահանջողն իր տանը պետք է արդարություն հաստատած լինի:

Հայ ժողովրդի նկատմամբ ինքն իսկ ցեղասպանություն իրականացնող ռեժիմը բարոյական իրավունք չունի արտաքին աշխարհից նույն ժողովրդի նկատմամբ անցյալում իրականացված ցեղասպանության կապակցությամբ արդարություն պահանջելու: Դա սեփական ժողովրդի նկատմամբ հերթական ծաղր ու խաբեություն է: Նա նման պահանջ ներկայացնելու ու այն հետապնդելու ունակություն էլ չունի: Օտար երկրների, հեղինակությունների և կառույցների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը, որոնք, չնայած իրենց շատ ուշացած լինելուն, այլ պայմաններում պիտի համարվեին բացառապես դրականորեն և լինեին բացառապես ողջունելի, Հայաստանում տիրող ներկա ռեժիմի պայմաններում կարող են և ծառայել այնպիսի ծրագրերի ու նպատակների, որոնց վերահսկողությունից զրկված են Հայաստանն ու հայությունը:

Ներկայումս ընթացող դանդաղ սպիտակ ցեղասպանության կասեցման և ապա մեկ դար առաջ իրականացված և չհատուցված ցեղասպանության հետևանքների վերացման համար անշրջանցելի անհրաժեշտություն է Հայաստանում տիրող ներկա կործանարար ռեժիմի հեռացումը և ինքնիշխան, արժանապատիվ, կենսունակ ու հայ ազգն իր շուրջ համախմբող պետականության ձևավորումն ու ամրացումը:

Մեր միլիոնավոր զոհերի նկատմամբ իսկական ու ազնիվ հարգանքի մատուցումն ու Հայոց ցեղասպանության հետևանքների վերացումն ուղղակիորեն փոխկապակցվում են ներկա ռեժիմի հեռացման ու նոր որակի պետության ստեղծման մեր ունակության հետ:

Հիմնադիր Խորհրդարանը և «100-ամյակը առանց ռեժիմի» շարժումը վերստին կոչ են անում ս․թ․ ապրիլի 24-ին՝ ժամը 18:00-ին, հավաքվել Էրեբունի թանգարանի հարակից հրապարակում`

– հարգանքի հավաքական տուրք մատուցելու Հայոց Ցեղասպանության զոհերին և վերահաստատելու մեր վճռականությունը` ինքնիշխան, արժանապատիվ և հզոր Հայաստանի և Հայաստանակենտրոն հայության ջանքերի միջոցով վերացնելու Ցեղասպանության հետևանքները,

– սկիզբը դնելու` իր վարած հակազգային, հակապետական և հակամարդկային քաղաքականությամբ 100 տարի առաջվա ցեղասպանությունն իր ավարտին հասցնող Հայաստանյան ներկա ռեժիմի հեռացման գործընթացին, և

– որպես ներկա ռեժիմի հեռացման գործընթացի առաջին քայլ, պայքարելու քաղբանտարկյալների ազատագրման համար:

Սույն հայտարարության հրապարակումից մինչև 2015թ ապրիլի 24-ի՝ ժամը 18:00-ի հանրահավաքը, Հիմնադիր խորհրդարանը և «100-ամյակն առանց ռեժիմի» շարժումը զերծ են մնում այս կապակցությամբ հրապարակային այլ միջոցառումներից և ակցիաներից:

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարություն

22 ապրիլի, 2015թ.

Այս խորագրի վերջին նյութերը