Պարզվել են Զաքարյան եղբայրներին մարմնական վնասվածք պատճառելու հանգամանքները
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Զաքարյան եղբայրներին դանակահարելու դեպքի հանգամանքները. առերևույթ հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձը ձերբակալվել է։
2015 թվականի ապրիլի 17-ին ահազանգ է ստացվել, որ բժշկական կենտրոն բուժօգնության են դիմել Զաքարյան եղբայրները, որոնցից մեկը՝ ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ, իսկ մյուսը՝ կրծքավանդակի, իրանի, վերին վերջույթների կտրած-ծակած վերքեր ախտորոշմամբ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ապրիլի 18-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 113-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննությամբ պարզվել է, որ եղբայրներին մարմնական վնասվածքները պատճառվել են 2015 թվականի ապրիլի 17-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, «Վազ 21010» մակնիշի ավտոմեքենայի հայելին կոտրելու պատճառով առաջացած վիճաբանության ժամանակ։
Նախնական տվյալներով՝ ավտոմեքենայի ձախ կողային հայելուն է դիպչել «Օպել» մակնիշի ավտոմեքենան, որի հետևանքով այն կոտրվել է, ու շարունակել իր ընթացքը։ «Վազ 21010» մակնիշի ավտոմեքենայի վարորդի և «Օպել» մակնիշի ավտոմեքենայում գտնվող Զաքարյանի եղբայրների, միջեւ առաջացել է վիճաբանություն, ինչը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ «Վազ 21010» մակնիշի ավտոմեքենայի վարորդն իր մոտ գտնվող ծալովի դանակով հարվածներ է հասցրել, ինչի հետեւանքով եղբայրներն ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Քննությամբ պարզվել է «Վազ 21010» մակնիշի ավտոմեքենայի վարորդի ինքնությունը, ով ապրիլի 20-ին ինքնակամ ներկայացել է՝ ներկայացնելով հանցագործության գործիք հանդիսացած ծալովի դանակը։
Կասկածյալը ձերբակալվել է, նրա նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Պարզվել են Զաքարյան եղբայրներին մարմնական վնասվածք պատճառելու հանգամանքները