Աշխարհ

21.04.2015 14:36


Սերբիայի նախագահի «Falcon»–ը հազիվ է խուսափել կործանումից թափված սուրճի պատճառով

Սերբիայի նախագահի «Falcon»–ը հազիվ է խուսափել կործանումից թափված սուրճի պատճառով

Օրերս հայտնի էր դարձել, որ Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի «Falcon 50» ինքնաթիռը վերադարձել է Բելգրադի օդանավակայան շարժիչի անսարքության պատճառով։ Հանրապետության ղեկավարը պետք է ժամաներ Վատիկան, սակայն առաջացած տեխնիկական խնդրի պատճառով այցը հետաձգվել էր։

Այսօր արդեն պարզ է դարձել, որ պատճառը սուրճն է եղել, որը երկրորդ օդաչուն պատահաբար լցրել է կառավարման վահանակին։ Այդ մասին, «ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ, հայտնել է երկրի Քաղավիացիայի վարչությունը՝ հետաքննության արդյունքների ամփոփումով։

Այն պահին, երբ ինքնաթիռը 34 հազ ֆուտ բարձրություն է հավաքել, միացած է եղել ավտոմատ վարման սարքը, և օդաչու Բոյան Զորիչը սուրճ է խնդրել։ Երբ բաժակն արդեն նրա ձեռքում էր, սուրճը թափվել է կառավարման վահանակին։

Զորիչն անձեռոցիկ է վերցրել և սկսել մաքրել հետքը, բայց պատահաբար դիպել է կոճակներից մեկին և ակտիվացրել օդանավի նախաթևերը, որից հետո ավտոմատ վարման սարքն անջատվել է, և ինքնաթիռը սկսել է ընկնել։

Առաջին օդաչուն արագ վերականգնել է օդանավի նկատմամբ վերահսկողությունը և որոշում ընդունել վերադառնալ բելգրադյան օդանավակայան։ Ինքնաթիռի՝ հետ շրջվելու ընթացքում էլ խափանվել է երրորդ համարի շարժիչը, բայց հետո սկսել է գործել։

Դրանից հետո ինքնաթիռն արդեն անխափան վայրէջք է կատարել Բելգրադում, և սկսվել է ստուգումը, որի արդյունքում էլ նշված շարժիչի վառելիքի պոմպում ճնշման պակաս է նկատվել։

Ավիապատահարի օրը «Falcon 50»–ը 2 շարժիչով ուղարկվել է Բազել՝ անսարքությունները վերացնելու։ Սուրճը թափած օդաչուն էլ ժամանակավորապես հեռացվել է աշխատանքից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը