Մեկնաբանություն

30.11.2010 17:06


«Բեթմենին» սպասելիս...

«Բեթմենին» սպասելիս...

Գնալով անտանելի է դառնում մարդկանց հետ շփվելը։ Չես հասցնում մի բան ասել(էլ չեմ ասում հարցնել)՝ սկսվում է... Եթե կենցաղային մակարդակում լսված պատմությունների, թվարկվող օրվա հոգսերի մի չնչին մասը միացնես իրար՝ լրիվ «էքշն» ոճի թրիլեր է ստացվում։ Իսկ զզվելին այն է, որ դա իսկապես մեր շուրջն է, որ մարդիկ իրենց դարդերը պատմելով ոչինչ չեն չափազանցնում, որ դուդուկը իրոք դարձել է սովորական հայաստանցու անբաժան ուղեկիցը։ Ո՞վ պետք է տեր կագնի քաղաքացուն, ո՞վ պետք է նրան պաշտպանի պատահական, բայց ժամանակավոր հաջողության հասած անկուշտ  գոբսեկներից. գուցե «Բեթմենը՞»...

«7օր»-ի խմբագրություն են դիմել «Կիլիկիա» ավտոկայանի տաքսու վարորդները և բողոքում էին, որ առանց այն էլ ամեն օր իրենցից գանձվող խելքից դուրս բարձր «նալոգներից» բացի, ոմն մի օլիգարխ  իր ձեռքն է վերցրել այդ ավտոկայանը և ինչ ուզում, ոնց ուզում անում է։ Մասնավորապես, տարածելով, թե նրա «դաբրոյով են», ինչ-որ «լավ տղերք» վարորդների գլխին վերակացու են դարձրել և հենց նրա՛նք են որոշում, թե «բացի հարկվելուց»  ով, երբ և քանի անգամ պետք է դուրս գա երթուղի։ Իսկ ով էլ հանդգնում է չենթարկվել, պարզապես «բարեկամաբար» խորհուրդ են տալիս այլևս այդ կողմերում չերևալ։ Վարորդներն այդ ինքնահռչակ տեր ու տիրականներից այն աստիճան են վախեցած, որ նույնիսկ հրաժարվում էին իրենց անունը հրապարակել անգամ ասել, թե ո՞ր օլիգարխի մասին է խոսքը։

«Ընտանիք ունենք, հերներս կանիծեն»,-միաբերան պնդում էին նրանք՝ պարզապես խնդրելով «Կիլիկիա» ավտոկայանում ստեղծված իրավիճակի մասին բարձրաձայնել ։

Վարորդները նաև դժգոհում էին, որ այլ աշխատանք լինելու պարագայում սիրով կհեռանային, սակայն գործազրկության նման պայմաններում ստիպված են ենթարկվել այդ  օլիգարխի ու նրա կամակատարի նվաստացումներին։

Ստացվում է մի կողմից պետությունն է պահանջում անհատ տաքսու վարորդներին մտնել «օրինական դաշտ», մյուս կողմից էլ նրանց իրենց «օրինական դաշտի» տիրույթն է մտցնում փողոցի «տեր ու տիրակալները»։

Նշենք, որ այդ նույն «լավ տղերքը» «կարգ ու կանոն» են թելադրում ինչպես, օրինակ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն գնացող, այնպես էլ միջպետական գծերի վարորդներին, և դա այն դեպքում, երբ այդ միջպետական գծերն էլ իրե՛նց գծատերերն ունեն։

Թե պաշտոնապես ո՞ւմ է պատկանում «Կիլիկիա» ավտոկայանը, փորձեցիքն ճշտել ՀՀ կապի և տրանսպորտի նախարարությունից։ Մամուլի խոսնակ Սուսաննա Տոնոյանը «7օր»-ին ասաց հետևյալը.

-«Կիլիկիա» ավտոկայանը պատկանում է «Հայավտոկայան» ՓԲԸ-ին, որի 100% բաժնետերը ՀՀ կապի և տրանսպորտի նախարարությունն է։ Ձեր ասած խնդրին մենք տեղյակ չենք, նման բան գոյություն չունի։ Եթե իսկապես կան նման խնդիրներ, կարող եք դուք կամ վարորդները մեզ գրավոր դիմել, մենք գրավոր կպատասխանենք։

Դե գնա ու ապացուցի...

Հ.Գ. Ու կրկին ստացվում է հերթական արատավոր օղակը՝ «Կիլիկիա» ավտոկայանի տաքսու վարորդները ենթարկվում են ռեկետի, սակայն վախենում են բարձրաձայնել կոնկրետ անուններ։ ՀՀ կապի և տրանսպորտի նախարարության պատասխանն էլ արդեն գիտեք։ Եվ ո՞վ պետք է տեր կագնի քաղաքացուն...

Աշոտ Կարապետյան

Այս խորագրի վերջին նյութերը