Կարծիք

20.04.2015 00:05


Հետաքրքիր է՝ միլիոն ու կեսին ո՞վ է սպանել

Հետաքրքիր է՝ միլիոն ու կեսին ո՞վ է սպանել

Արդեն 3-4 երգի տեսահոլովակ եմ նայել, որոնք նվիրված են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Իրարից չեն տարբերվում: Հայոց միտքն ու լսողությունը լռվել-մնացել է նույն մեղեդու, պատկերի, տեքստի մեջ:

Բոլոր երգերն ու դրանց տեսահոլովակներն իրարից չեն տարբերվում:
Կարծես, նույն երգն եմ լսում (ի դեպ, բոլորն անհաջող), ու այդ երգերն ասես դուրս են եկել եվրատեսիլյան մեր երգի «շինելի միջից»:

Տեսահոլովակներում մի քիչ մասնակիցների թիվն ու դեմքերն են տարբեր, թե չէ ամեն բան նույնն է: Անսպասելի, հետաքրքիր ոչինչ չկա:
Մի տեղ՝ «Կյանք միլիոն ու կես», մյուսում՝ «Միլիոնավոր կյանքեր», էն մեկելում՝ «Ապրելու ապրիլ» եւ այլն...

Երգերի տեքստերն էլ՝ տարրական դասարանի երեխայի բառակույտեր:

Ի դեպ, մեկը չկա՞ր՝ ասեր, որ «ավիրված վանքեր»-ը սխալ է, ինչը շեշտված երգում են: Բառը պետք է ճիշտ գրել ու երգել՝ «ավերված»:

Պատկերային առումով բոլոր տեսահոլովակներում նույն «տրյուկներն» են՝ կիսավեր եկեղեցիներ եւ հայկական տոհմերի խմբակային լուսանկարներ...

Բայց, իհարկե, «Ապրելու ապրիլ» տեսահոլովակը հատուկ «նմուշ» է, թե ինչպես կարելի է տեսահոլովակ չնկարել: Խայտառակություն է:

Տատիկ-պապիկներին մինչեւ «բուն» կրծքավանդակը տկլորացրել ու նկարել են, ու ամբողջ հոլովակը խեղճուկրակ մերկություն է:

Ա՛յ տկարամիտներ, էս հասարակական «բաղնիքը» ինչո՞ւ եք սարքել ու ցուցադրում...

Ամենաուշագրավը գիտե՞ք՝ որն է: Բոլոր երգերի տեքստերն ուշադիր լսեցի. ոչ մի երգում «թուրք» բառը չկա: Տեսնես՝ ո՞վ է սպանել էդ միլիոն ու կես հային: Երեւի, այլմոլորակայինները:

Միայն ասվում է՝ «Ոմանք մերժում են իրենց մեղքերը գործած»: Ու վերջ:

«Ոմանք»-ս ո՞րն է, ա՛յ թշվառականներ: Էս ի՜նչ խնայել եք խնայում թուրքերին, որոնց անունը վախենում եք տալ երգերում:

«Եվրատեսիլի» ղեկավարությունը հրահանգեց մեր երգի վերնագիրը փոխել: «Մի՛ ժխտիր»-ը շա՜տ ահասարսուռ էր: Մեկ այլ՝ տխմար վերնագիր պետք է դնել, ու դրեցին՝ «Առերեսվի՛ր ստվերին»:

Սրան էլ հետեւեցին տեղական վախկոտները, որոնց երգերի տեքստերում «թուրք» բառը լիկվիդացրել են:

Էլ չեմ ասում, որ այդ բոլոր երգերն ականջիս հնչում են այնպես, ոնց որ աղանդավորական փակ հավաքույթների ներկա լինեմ...

Մի խոսքով, չմահավանիս գանակոծեք՝ որքան ուզում եք։ ))

Կիմա Եղիազարյան

Աղբյուրը՝ https://www.facebook.com/kima.yeghiazaryan/posts/816483998440083?pnref=story

Այս խորագրի վերջին նյութերը