Լրահոս

19.04.2015 19:27


90-ամյա կնոջն ու նրա դստերը սպանել են հաց ուտելու պահին

90-ամյա կնոջն ու նրա դստերը սպանել են հաց ուտելու պահին

Դանակի բազմաթիվ հարվածներով սպանել էին 90-ամյա Քնարիկ Շահումյանին ու նրա կրտսեր դստերը՝ 51-ամյա Ալվարդ Շահումյանին: Քաղաքի կենտրոնում ՝ Շիրակի մարզպետարանից ու Շիրակի մարզային ոստիկանությունից ոչ հեռու գտնվող այդ շենքի բնակիչների մեծ մասը վախից կողպել էին իրենց բնակարանների դռները: Շենքի մուտքի մոտ հսկողություն են սահմանում ոստիկանները: Տան դուռը բնականաբար կապարակնքվել է ոստիկանության կողմից՝ քննչական գործողություններ իրականացնելուց ու տեղազննություն կատարելուց հետո: Aravot.am–ին հարցազրույց տվեցին առաջին հարկի հարեւանները, որոնց դուռը, ի դեպ, բաց էր: Մեր հարցին, թե չե՞ք վախենում դուռը բաց թողնելուց, տան տղամարդն ասաց. «Ես ոչինչ չունեմ վախենալու, ամբողջ կյանքս դուռս բաց է եղել ու էլի պիտի լինի, հերիք եղավ էլի, այս ինչ է կատարվում մեր քաղաքում»:

Aravot.am-ին որոշակի մանրամասներ ներկայացրեց նրա կինը՝ տիկին Ժաննան, որը բուժաշխատող է Գյումրու բժշկական կենտրոնի լաբորատորիայում: Տիկինը պատմեց, որ ինքը իր սիրած սերիալն էր նայում ժամը 21.45-ի սահմաններում, երբ իրենց դուռը թակեցին ու կանչեցին իր ամուսնուն: Ամուսինը սարսափահար ներս է մտել՝ ասելով, թե Քնարին ու Ալվարդին են սպանել: «Մենք շատ հին հարեւաններ ենք, այս շենքերը շատ հին են: Ալվարդը ամուսնացած չէր, իմ տեգրոջ դասարանի աղջիկն է եղել: Տիկին Քնարը ամերիկյան որբանոցում է մեծացել, կիրթ, շնորհքով կին էր, հացով-ջրով, մարդկանց նեղին հանող մարդիկ էին: Սխալվեիր դուռը ծեծեիր, ինչ հյուրասիրություն կանեին, կապշեիր: Տիկին Քնարը վերջին շրջանում վատառողջ էր, թեթևակի ինսուլտ խփեց, տեսնեիր աղջիկը ոնց էր խնամում մորը, պատմելու չէ… Տիկին Քնարը երկու աղջիկ ունի. մեծը՝ Գայանեն, բնակվում է Մոսկվայում, շատ մեծ կարողության տեր է նրա ընտանիքը, նրա տղաներն ու աղջիկները մեծահարուստ մարդիկ են: Ինչ տիրություն էին անում տատիկին ու մորաքրոջը… Քրոջ աղջիկը նույնիսկ իր 3000 հազարանոց մուշտակը ուղարկեց նրան: Ալվարդը շատ էր սիրում հագնել, կապել, էնքան մարդամոտ էր, էնքան հումորով…Հնարավոր չէր Ալվարդի կողքին նստել մի վայրկյան ու չծիծաղել, կենսախինդ, կյանքը մեջ եռում էր: Ալվարդը չամուսնացավ, բայց 20 տարի է՝ ընկեր ուներ, Արթուրն է, որը տաքսի է վարում: Արթուրի ընտանիքը այդ մասին գիտի, Արթուրի տղան գնում-գալիս էր Ալվարդենց տուն: Իրենք ամուսինների պես էին,Արթուրը շատ շնորհքով մարդ է, մի բան լիներ, երեխի պես կվազեր, կհասներ: Անգամ ամեն օր հաց էր բերում, թե հանկարծ տիկին Քնարը ներքեւ չիջնի, մեծ կին է, հանկարծ իրեն վատ չզգա: Ալվարդն էլ օգնում էր նրա ընտանիքին ֆինանսապես: Մի խոսքով ցավ եմ ապրում ու չեմ ուզում հավատալ, որ Արթուրը կարող է լինել հանցագործը: Ես նրան ճանաչելով բացառում եմ, որովհետեւ ամուսինների պես էին: Հիմա ոստիկանությունը նրան է տարել որպես կասկածյալ: Ինչեւէ, սպանությունը տեղի է ունեցել երեկ երեկոյան, Արթուրը, ինչպես միշտ, եկել է Ալվարդենց տուն, դուռը բաց է եղել, գտել է նրանց սպանված: Հենց այդ պատճառով էլ երեւի նրան են տարել որպես կասկածյալ: Նա խաբար արեց իմ ամուսնուն: Ամուսինս գնաց, տեսավ էդ մարդկանց էդ վիճակում, տեղը չի գտնում, ասում է միայն դանակի 10 հարվածով Ալվարդին են սպանել: Սպանված Ալվարդը նստած է եղել հյուրասենյակում՝ բազմոցի կողքին դրված աթոռում: Իսկ 90-ամյա տիկին Քնարը բերանքսիվայր ընկած է եղել խոհանոցում, սեղան է փռած եղել: Հացը, ափսեներում եղած կարտոֆիլն էլ կիսատ են թողել: Մրգի սեղան էլ փռված է եղել հյուրասենյակում: Ամուսինս ասում է՝ սաղ տունը տակնուվրա էին արել, դարակները քանդած, թափած, անգամ անկողինների մատռասներն են հանել: Ասեմ, որ նրանք շատ գեղեցիկ տուն ունեն, Ալվարդը վերջին երեք տարում գույք առավ, մինչ էդ ասում էր՝ ի՞նչ պիտի անեմ, ես էրեխեք չունեմ, բայց երբ նեղացանք, թե ջահել կին ես, քո համար առ, երեք տարում հետզհետե առավ: Սիրուն տուն էր: Ես մի բան գիտեմ, որ սպանողը ծանոթ մարդ է եղել Ալվարդին, ասեմ, որ նա զգուշավոր կին էր, երբեք պատահական մարդու առաջ դուռ չէր բացի: Տեսաք՝ նրանց դուռը երկաթից է ու մեր տան պես կրկնակի դռներ ունեն: Մի անգամ մեր տան ինտերնետն անջատվել էր, թոռնիկս դաս պիտի աներ, գնացինք իրենց տուն, դռան զանգը տալուց հետո ահագին երկար սպասել ենք մինչեւ ինքը մի քանի անգամ ճշտեց, թե ովքե՞ր ենք, նոր բացեց: Իր մայրը որ մեծ մասամբ մենակ էր ու ծեր կին էր, իրենք շատ էին զգուշանում դուռ բացելուց: Դե տանը տղամարդ չկար… »:

Մանրամասները՝ Aravot.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը