Տնտեսական

17.04.2015 14:55


Նաիրիտցիներին մեկ ամսվա աշխատավարձ կփոխանցվի

Նաիրիտցիներին մեկ ամսվա աշխատավարձ կփոխանցվի

Այսօր Կառավարությունում ընդունել են «Նաիրիտ» գործարանի աշխատակազմի մի քանի ներկայացուցչի։ Քիչ առաջ, մեր թղթակցի փոխանցմամբ, վարչապետի մոտից դուրս են եկել պատվիրակները։

Վերջինների խոսքերով՝ Կառավարության ղեկավարը հավաստիացրել է, որ մինչև ապրիլի 27–ը մեկ ամսվա աշխատավարձ կվճարվի «Նաիրիտի» ներկա ու կրճատված բոլոր աշխատակիցներին։

Քանի որ կուտակված պարտքն ամբողջությամբ չեն կարողանում վճարել, նաիրիտցիներն առաջարկել են գոնե երկու ամիսը մեկ աշխատավարձ փոխանցել։ Հ. Աբրահամյանը, նկատելով, որ դա հնարավոր տարբերակ է, խոստացել է քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։ Աշխատավարձի պարտքերը մարելու համար նորից անդրադարձ է կատարվել գործարանից օտարվող գույքին. մասնավորապես, նշվել է Կապույտ լճից դուրս եկող խողովակաշարի վաճառքի մասին։

Կառավարության շենքի դիմաց հավաքված զայրացած նաիրիտցիներին չի գոհացրել վարչապետի պատասխանը, ինչպես նաև առաջարկը՝ մինչև մայիսի վերջ ցույցերի դուրս չգալ։ Այդուհանդերձ, նրանք որոշել են սպասել երկու ամիսը մեկ հնարավոր աշխատավարձին. եթե այն չվճարվի, կվերսկսեն ցույցերը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը