Քաղաքական

16.04.2015 11:56


Նախագահականից դրամաշնորհ ստացած ՀԿ-ներից որոշների գրասենյակները չեն հայտնաբերվում (տեսանյութ)

Նախագահականից դրամաշնորհ ստացած ՀԿ-ներից որոշների գրասենյակները չեն հայտնաբերվում (տեսանյութ)

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը արդեն երկրորդ տարին է՝ նախագահի նստավայրից 200 միլիոն դրամ է ստացել մրցույթ անցկացնելու ու հասարակական կազմակերպություններին բաշխելու համար։ Այս մասին գրում են «azatutyun.am»–ը։

Այս տարի դրամաշնորհ է ստացել արդեն 30 կազմակերպություն, որոնցից միայն 3-ի տվյալները կան «Սփյուռ» տեղեկատվական համակարգում, գործունեության մասին կայք կամ բլոգ ունեն 5-ը, ևս 5-ը ներկայացված է «Facebook» սոցիալական ցանցում, բայց՝ առանց կոնտակտային տվյալների։ Այս կազմակերպությունների մասին լրատվամիջոցներում էլ տեղեկություններ գրեթե չկան, 30-ից միայն 5 մասին մեկական հիշատակում կա մամուլում։

Պետբյուջեից դրամաշնորհ ստացած այդ 30 կազմակերպություններից ընտրեցինք 5-ը։ Պետական ռեգիստրից ստացած տվյալներով պարզվեց, որ դրանցից երկուսը պատկանում են նույն անձանց՝ Արմեն Մարուքյանին և Լուսինե Գևորգյանին, ովքեր գրանցված են նույն հասցեում, նույն բնակարանն է նաև երկու կազմակերպությունների գործունեության վայրը։ Մենք եղանք 3-րդ մասում գտնվող այդ տանը։

Աշխատանքային ժամին բնակարանում ոչ ոք չկար։ Հարևաններից փորձեցինք պարզել՝ տեղյա՞կ են, որ իրենց շենքում «Օրենքի ուժով» և «Հայրենյաց հավատամք» անուններով կազմակերպություններ են գործում։

«Էդտեղ մարդ ու կնիկ, երկու երեխա են ապրում։ Կազմակերպություն հաստատ չկա»,- ասաց հարևաններից մեկը։

Ի դեպ, նշված երկու կազմակերպություններից մեկը դրամաշնորհ է ստացել նաև անցյալ տարի։

«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» ղեկավար Շուշան Դոյդոյանը, ով նախագահի կողմից տրվող դրամաշնորհային ծրագրում 2013-ին միլիոնավոր դրամների չարաշահումներ էր բացահայտել, այս անգամ նույնպես կոռուպցիոն ռիսկ է տեսնում։

«Անշուշտ, տեսնում եմ կոռուպցիոն ռիսկեր, որովհետև հենց այն, որ նույն մարդիկ հիմնում են երկու տարբեր կազմակերպություն, և երկուսն էլ ստանում դրամաշնորհ, այստեղ ակնհայտ կոռուպցիոն ռիսկ կա»,- ասաց Դոյդոդյանը։

Այցելեցինք նաև «Արեալ» կազմակերպություն, որը դրամաշնորհ է ստացել «Հասարակության շրջանում զինվորի կերպարի արժեվորումը» անվանակարգում։ Պետռեգիստրում գրանցված հասցեում մեզ դիմավորեց տարեց մի կին, ում հարցինք՝ տեղյա՞կ է՝ իր բնակարանում գրանցված կազմակերպություն կա։

«Երևի ինչ-որ սխալմունք է»,- ասաց այդ կինը։

Մեր դիտարկած 5 կազմակերպություններից 3-ը հիմնադրվել է դրամաշնորհների մրցույթը հայտարարելուց հետո։ Դրանցից մեկը՝ «Ոստայն հայոցը», գործում է Կապանում։ Տեղի մեր թղթակիցը ճշտեց, որ «վերարտադրողական առողջություն» անվանակարգում դրամաշնորհ ստացած ՀԿ-ի հիմնադիրն ու ղեկավարը Կապանում հայտնի չէ որպես առողջապահությամբ կամ ընդհանրապես հասարակական գործունեությամբ զբաղվող անհատ, կազմակերպության գործունեության հասցեում էլ բնակարան է։

Մանրամասները՝ «azatutyun.am»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը