Քաղաքական

15.04.2015 21:53


Է. Նալբանդյանը՝ Եվրախորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ընդունված բանաձևի մասին

Է. Նալբանդյանը՝ Եվրախորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ընդունված բանաձևի մասին

Հայաստանը ողջունում է Եվրոպական խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ընդունված բանաձևը։

Եվրախորհրդարանը ընդգծում է, որ դեռ 1987թ. իր կողմից ընդունված բանաձևում Օսմանյան կայսրությունում 1915-1917թթ. հայերի դեմ կատարվածը որակվել է որպես ցեղասպանություն՝ համապատասխան ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին կոնվենցիայի, և դատապարտում է դրա ժխտումը։

28 եվրոպական երկիր ներկայացնող խորհրդարանը, հարգանքի տուրք մատուցելով Ցեղասպանության մեկուկես միլիոն հայ նահատակների հիշատակին, միանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչմանը և կոչ անում Եվրոպական հանձնաժողովին և Եվրոպական խորհրդին հետևել իր օրինակին։

Եվրամիության օրենսդիր մարմինը ցեղասպանությունների կանխարգելումը և մարդկության դեմ հանցագործությունների համար պատշաճ պատիժը համարում է միջազգային հանրության առաջնահերթություն։

Բանաձևը կարևոր ուղերձ է Թուրքիային՝ օգտագործել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթը առերեսվելու իր պատմությանը, ճանաչելու Հայոց ցեղասպանությունը և դրանով ճանապարհ հարթելու հայ և թուրք ժողովուրդների իրական հաշտեցման համար։

Այս բանաձևի ընդունմամբ Եվրոպական խորհրդարանը ևս մեկ անգամ վերահաստատեց իր հավատարմությունը մարդու իրավունքների պաշտպանությանը և համամարդկային արժեքներին։

ՀՀ ԱԳՆ

Այս խորագրի վերջին նյութերը