Լրահոս

15.04.2015 21:09


Եվրոպական խորհրդարանը ընդունեց «Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին» նվիրված բանաձևը

Եվրոպական խորհրդարանը ընդունեց «Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին» նվիրված բանաձևը

Եվրոպական խորհրդարանը ընդունեց «Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին» նվիրված բանաձևը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը։

Նա նշում է, որ բանաձևը դատապարտում է բոլոր տիպի ցեղասպանություններն ու մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, կարևորում դրանց կանխարգելմանն ուղղված ջանքերը.

«Շեշտելով Օսմանյան Կայսրությունում 1.5 միլիոն անմեղ հայերի կոտորածները, իր եղբայրական աջակցությունն է հայտնում հայ ժողովրդին Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ և կոչ է անում Եվրոպական հանձնաժողովին ու Եվրոպայի խորհրդին միանալ հիշատակի արարողություններին: Փաստաթուղթը հղում անելով 1987թ. Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» բանաձևին, վերահաստատում է իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության եղելության մասին, ընդգծելով, որ Ցեղասպանությունների ժամանակին կանխարգելումն ու արդյունավետ պատասխանատվությունը պետք է լինի միջազգային հանրության առաջնահերթություններից մեկը: Բանաձևում կոչ է արվում Թուրքիային հաշտվել և առերեսվել սեփական պատմության հետ, առանց նախապայմանների կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ` սահմանները բացելու և դիվանագիտական հարաբերություններ ստեղծելու միջոցով»:

Հիշեցնենք, որ դեռ 1987 թվականին է Եվրախորհրդարանը ընդունել բանաձևը՝ Օսմանյան կայսրությունում 1915-1917թթ. հայերի դեմ կատարվածը որակելով որպես ցեղասպանություն՝ համապատասխան ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին կոնվենցիայի, և դատապարտում է դրա ժխտումը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը