Մեկնաբանություն

27.10.2009 19:29


Հովհաննես Հովհաննիսյան. «1998–ին Լևոն Տեր–Պետրոսյանին հանեցին»

Հովհաննես Հովհաննիսյան. «1998–ին Լևոն Տեր–Պետրոսյանին հանեցին»

1999թ. հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ոճրագործությունը նորօրյա հայոց պատմության համար մի բաժանարար գիծ դարձավ՝ մինչ հոկտեմբերի 27 և հոկտեմբերի 27-ից հետո։ Այդ օրերին քաղաքական դաշտում միևնույն ժամանակ բավական հետաքրքիր դեպքեր են արձանագրվել, որոնք այս 10 տարվա պրիզմայով դիտելիս թե՛ խորհելու, թե՛ պարզաբանման կարիք ունեն։ Մասնավորապես, 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո պաշտոնաթող նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքական ուժերին կոչ արեց համախմբվել գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջը։ Իսկ 10 տարի հետո՝ Հոկտեմբերի 27-ին, Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած «Հայ ազգային կոնգրեսի» տարածած հայտարարությունում մասնավորապես նշվում է.

«Գործված հրեշավոր ոճիրի ու դրա պարտակման շնորհիվ, Ռ. Քոչարյանի ճարտարապետությամբ ու Սերժ Սարգսյանի ակտիվ գործակցությամբ, սկսեց ձևավորվել որակապես բոլորովին այլ՝ քրեաօլիգարխիկ այն համակարգը, կոռուպցիոն բուրգը, որի հիմնական հատկանիշը հանցավորությունն է, քաղաքական որակի բացակայությունը։... Հոկտեմբերի 27-ը պետական հեղաշրջմամբ իրականցված իշխանության բռնազավթում էր՝ ահաբեկչության ճանապարհով»։

Արդյոք զղջո՞ւմ է 1999թ. հոկտեմբերի 27-ին արված՝ Ռ. Քոչարյանին միավորվելու իր կոչի համար։ Կարեն Դեմիրճյանի շիրմին ծաղկեպսակ դնելու և նրան հարգանքի տուրք մատուցելու համար այսօր Կոմիտասի անվան պանթեոն այցելած Լևոն Տեր-Պետրոսյանից դա ճշտել այդպես էլ չհաջողվեց. նա լրագրողների հարցերին հրաժարվեց պատասխանել՝ նշելով, թե իրենից շատ այդ օրվա մասին ոչ ոք չի խոսել, և ինչ որ պետք է ասվեր, գրված է իրենց տարածած հայտարարության մեջ։

Լևոն Տեր-Պետրոսյանի այն ժամանակվա կոչի վերաբերյալ փորձեցինք ճշտել ՀԱԿ անդամ, Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի կարծիքը։

-Պետության համար վտանգավոր այդ օրերին մարդիկ, ովքեր պատասխանատու էին կամ մտածում էին պետության կայունության մասին, անհանգիստ էին, որ պետությունը կարող է ուղղակի փլվել, և մեզ հետ միասին կորցնեինք թե՛ պետականությունը, թե՛ պետությունը։ Կարծում եմ, որ նման սկզբունքներից ելնելով է, որ  Լևոն Տեր-Պետրոսյանն ուղղակի կոչ արեց՝ երևի թե պետության կայունությունը պահելու համար։ Կարծում եմ, որ նորմալ էր,-պատասխանեց Հ. Հովհաննիսյանը։-Խնդիրն այն չէր, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հավատում էր Ռոբերտ Քոչարյանին կամ կարծում, թե նա լեգիտիմ նախագահ է։ Ուղղակի այսօր այդ աթոռին ինքն էր նստած, և ուղղակի պետության հիմքերը պահելու համար, երևի, Լևոն Տեր-Պետրոսյանի նման քաղաքական գործչի կոչը պետք է այդպիսին լիներ։

Թեև Հ. Հովհաննիսյանը նշեց նաև, որ Հոկտեմբերի 27-ի ոճրագործության իրական պատվիրատուները բացահայտված չեն, սակայն միևնույն ժամանակ հրաժարվեց ասել, թե իր կարծիքով ո՞վ է իրական պատվիրատուն.

-Դժվար է ասել. չես կարող մեկին մեղադրանք ներկայացնել, եթե ապացուցող փաստեր չունես, բայց ակնհայտ է, որ մի խումբ «ռոմանտիկներ»՝ այդ սրիկաները, չէին կարող նման մասշտաբի և նման դաժանության ահաբեկչություն կատարել։

Մի հատկանշական դրվագ էլ. Հ. Հովհաննիսյանին հարցրեցինք՝ արդարացվա՞ծ էր արդյոք, որ Լևոն Տեր-Պետրոսյանի արտաքին քաղաքականության և հատկապես Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման տարբերակն անընդունելի համարելով՝ 1998թ. Վազգեն Սարգսյանն ու նրա թիմն իշխանափոխություն իրականացրին (ինչի հետևանքով Լևոն Տեր-Պետրոսյանը նախագահի պաշտոնից հրաժարվեց)։ Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահը Վազգեն Սարգսյանի այդ քայլը սխալ է համարում։ Ներկայացնում ենք մի դրվագ մեր հարցուպատասխանից.

-Իհա՛րկե, սխալ էր։ Երկու պարզ պատճառով էր սխալ։ Կյանքը ցույց տվեց, որ, ի վերջո, այն, ինչ առաջարկում էր Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Ղարաբաղի խնդրի կարգավորում 1997թ., մենք այս վերջին 12 տարում դրանից լավ առաջարկություն չենք ունեցել։ Նա ասում էր, որ եթե խնդիրը հիմա չլուծենք, հետո ավելի շատ է բարդանալու, և շատ ավելի վատ լուծումներ են լինելու Հայաստանի և Ղարաբաղի համար։ Դա իրականացավ, և դա փաստ է, ու ոչ մեկը դրանից հեռու չի կարող գնալ։ Դա չընկալել, չհասկանալ և «ազգային, հայրենասիրական» բաներից ելնելով... հիշո՞ւմ եք Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարսգայանի կարգախոսը՝ 8 հազ. քմ Ղարաբաղ։ Ո՞ւր է այդ Ղարաբաղը։ Ի վերջո, նրանք եկել էին իշխանության ա՛յդ կարգախոսով, և 10 տարի Ռոբերտ Քոչարյանն աշխատեց, ու այդ կարգախոսը Սերժ Սարգսյանն է շարունակում երկու տարի։ Ո՞ւր է նրանց 8 հազ. քմ Ղարաբաղը։ Նրանք հիմա փորձում են Ղարաբաղի այլ լուծումներ տալ։ Իրավունք չունե՛ն։ Նրանք եկել են իշխանության, նրանք ոչ թե իշխանափոխություն են արել, նրանք արքունական կոպիտ հեղաշրջում են արել, և նրանք հավատացրին ժողովրդին, որ 8 հազ. քմ Ղարաբաղ կտան հայ ժողովրդին և Ղարաբաղին: (Հիշեցնենք, որ Հովհաննես Հովհաննիսյանը 1998թ. իշխանափոխությունից հետո եղել է իշխանական թիմում և զբաղեցրել ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնը)։

-Այսինքն, ավելի ճիշտ էր Լևոն Տեր-Պետրոսյանի՞ առաջարկած տարբերակով լուծումը, որ տալիս ենք ազատագրված հինգ հողերը և Ղարաբաղի կարգավիճակը թողնում ենք անորոշ կամ «դե յուրե» Ադրբեջանի կազմում։

-Չէ՛, այդպիսին չէին Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկած լուծումները։

-Ինչպիսի՞ն էին։

-Լուծումները շատ ավելի բարդ էին և շատ ավելի ընդունելի Հայաստանի համար։ Առաջինը՝ մենք, եթե 1997-98թթ. հարցի լուծումն էինք ունենում, 12 տարի Հայաստանը չէր հայտնվում նման խայտառակ քաղաքական, տնտեսական մեկուսացման մեջ, և 12 տարվա ընթացքում հիմա մենք ձեզ հետ կունենայինք բավական զարգացած, ժողովրդավարական պետություն, և կարող էինք ասել, որ ապրում ենք մի երկրում, որտեղ իսկապես կա ժողովրդավարություն և այլն։ Սյսինքն՝ ազատ պետությանը, ազատ երկրին հարիր բոլոր կոմպոնենտները, բայց մենք դա չունենք։ Մենք մեծ գին ենք վճարել այս 12 տարվա ընթացքում, ու հիմա այդ գինը վճարելուց հետո մեզ նորից առաջարկում են ղարաբաղյան լուծման նման խայտառակ տարբերակ, մեզ առաջարկում են հայ-թուրքական հարաբերությունների նման խայտառակ լուծում։ Ո՞վ է այդ գնի համար մեզ պատասխան տալու, ո՞վ է տալու 12 տարի կորցրած հույսերի, հնարավորությունների, 12 տարի չկայացած պետության, կորուստների, զոհերի, մարդկանց համար...

-Լևոն Տեր-Պետրոսյանն էլ էր ուզում լուծել, ինչո՞ւ չլուծեց ու հեռացավ։

-Հանեցին։

-Այսինքն, սխա՞լ էր, որ հանեցին։

-Իհա՛րկե։

Հ. Հովհաննիսյանը խոսքն ավարտեց հետևյալ կերպ. «Եթե իշխանությունները չգնան արտահերթ ընտրությունների, ապա ներքևից իրենց կճնշեն, կստիպեն։ Մի քիչ ավելի ուշ, բայց արտահերթ ընտրություններ կլինե՛ն, սակայն սա նորից՝ ի հաշիվ պետության, պետականության, ի հաշիվ մեր երկրի, ցավոք սրտի»։

Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը