Լրահոս

13.04.2015 15:18


ԼՂՀ ԿԸՀ–ն խախտումներ է արձանագրել (տեսանյութ)

ԼՂՀ ԿԸՀ–ն խախտումներ է արձանագրել (տեսանյութ)

«Aravot.am»–ը գրում է, որ «Խաղաղություն եւ զարգացում» կուսակցությունը դիմել էր Ստեփանակերտի քաղաքապետարանին եւ ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին: Ըստ կուսակցության՝ «Ազատ հայրենիք» եւ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունների՝ անվճար տեղերում փակցված պաստառները չեն համապատասխանում քաղաքապետի՝ 2015 թվականի մարտի 3-ին ընդունած որոշմանը:

«Խաղաղություն եւ զարգացում» կուսակցությունը արձանագրում է նաեւ, որ համայնքների ղեկավարների կողմից պատրաստված չեն եղել քարոզչական պաստառներ փակցնելու համար համապատասխան տախտակներ բոլորի համար տեսանելի վայրերում, ուստի համայնքի ղեկավարները տրամադրել են տեղեր` կրպակների, պատերի եւ ծառերի վրա:

«Այս խնդիրը, մեր կարծիքով, էական ազդեցություն է ունենալու ընտրողների կողմնորոշման վրա, որովհետեւ Շահումյանի շրջանի 70% համայնքներում (Քնարավան, Չարեքտար, Նոր Մանաշիդ, Նոր Խարխափուտ, Նոր Կարաչինար, Նոր Բրաջուր, Նոր Գետաշեն (մասամբ), Հավսաթաղ, Նոր Էրքեջ, Դադիվանք) հասանելի չեն Արցախի հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի ծրագրերը: Այսինքն` անվճար տեղերում փակցված պաստառները հանդիսանում են ընտրողների կողմնորոշվելու գլխավոր միջոցներից մեկը»,- գրված է բողոքում:

Կուսակցությունը տարածել է նաեւ տեսանյութ:

Լեռնային Ղարաբաղի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաղորդագրություն է տարածել, որ հանձնաժողովի ներկայացուցիչները շրջայց են իրականացրել Ստեփանակերտում: Ներկայացուցիչները արձանագրել են գործող կարգից շեղումներ: Իսկ Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Լենա Սիմոնյանը «Արցախ» հեռուստաընկերության հետ զրույցում նշել է, որ թե՛ կուսակցությունները, թե՛ թեկնածուները խախտումներ են կատարել:

Մանրամասները՝ «Aravot.am»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը