Քաղաքական

11.04.2015 22:50


«Ազգային վերածնունդ» կուսակցությունը ահազանգում է ԼՂՀ–ում ընտրախախտումների մասին

«Ազգային վերածնունդ» կուսակցությունը ահազանգում է ԼՂՀ–ում ընտրախախտումների մասին

Մայիսին կայանալիք ԼՂՀ ԱԺ ընտրությունների վերաբերյալ մամլո հաղորդագրություն է տարածել ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցությունը։

...

Արցախի Ազգային ժողովի 2015թ. ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում «Ազգային վերածնունդ» կուսակցությունը ստանում է ահազանգեր ընտրական օրենսգրքի կոպիտ խախտումների վերաբերյալ: Խոսքը մասնավորապես վերաբերում է Արցախի Ազգային անվտանգության ծառայության և ԼՂՀ նախագահի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից «Ազգային վերածնունդ» կուսակցության անդամների և համակիրների նկատմամբ ճնշման փորձերին, որոնք սկսել են պարբերաբար բնույթ կրել:

Նախագահի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյայի հակաօրինական վարքագծի մասին կուսակցությունը նախագահի օգնականի միջոցով տեղեկացրել է Բակո Սահակյանին, սակայն որևէ արձագանք դրան դեռ չի հետևել:

ԼՂՀ նախագահն ունի բոլոր հնարավորությունները վերը նշված միջադեպերի մանրամասները ճշտելու և օրինախախտներին կարգի հրավիրելու համար, հաշվի առնելով որ վերջիններս իր անմիջական ենթականերն են:

Հարկ ենք համարում հիշեցնել, որ մարդկանց կամքի ու ազատությունների վրա բռնանալը ոչ միայն խարխլում է հասարակության հիմքերը և պառակտում մեր ժողովրդի միասնականությունը, այլև հարված է Արցախի միջազգային ճանաչման գործընթացին, մեր երկրի վարկանիշին ու Արցախի ժողովրդին։

Մենք ուզում ենք հավատացած լինել, որ կարվի ամեն ինչ վերը նշված խնդիրները լուծելու համար։ Նաև վստահեցնում ենք մեր ընտրողներին, որ անկախ ամեն ինչից շարունակելու ենք մեր որդեգրած քաղաքականությունը, որն ուղղված է Արցախում մրցակցային քաղաքական ու տնտեսական դաշտ ձևավորելուն, տնտեսությունը զարգացնելուն, իրավական հարաբերություններ հաստատելուն և օրենքի գերակայություն արմատավորելուն։

«Ազգային վերածնունդ» կուսակցություն

Ստեփանակերտ, 11 ապրիլի 2015թ.

Այս խորագրի վերջին նյութերը