Լրահոս

11.04.2015 11:04


Մայիսյան գյուղում մեկ շաբաթվա ընթացքում երկու աղջիկ է կորել

Մայիսյան գյուղում մեկ շաբաթվա ընթացքում երկու աղջիկ է կորել
Արմավիրի մարզի Մայիսյան գյուղում երկու աղջիկ է կորել: «Zham.am»-ի հետ զրույցում Մայիսյանի գյուղապետ Եսայի Մովսիսյանն ասաց, որ ապրիլի 6-ի երեկոյան տնից դուրս է եկել ու չի վերադարձել Մարիամ Տոնոյանը: Նա ապրում է հոր, պապիկի ու տատիկի հետ, մայրը մահացել է:

Նշված դեպքից չորս օր անց գյուղում մեկ այլ դեպք է գրանցվել: Սոցիալական ծանր պայմաններում ապրող 21-ամյա աղջիկը ևս գնացել է տնից, և նրա մասին որևէ տեղեկություն չկա: Հայրը, մայրը, քույրն ու եղբայրը բացառում են տնից դիտավորյալ ինչ-որ տղայի հետ հեռանալու վարկածը:

Եսայի Մովսիսյանի տեղեկացմամբ` անհետացած աղջիկների ընտանիքները դիմել են իրավապահ մարմիններին. «Երեկ ամբողջ օրը իրավապահներն ու համագյուղացիները փնտրել են մեր գյուղի երկու բնակիչներին էլ, սակայն դեռ որևէ նորություն չկա: Ամբողջ վարչական տարածքի շրջանում նայել ենք, մոտակա զորամասերում ևս տեղյակ ենք պահել դեպքերի մասին, որ եթե որևէ բան նկատեն, մեզ անպայման տեղյակ պահեն: Աղջիկներից մեկի՝ Մարիամի մասին վարկածներ կան, որ հնարավոր է՝ ընկեր է ունեցել, ում հետ գնացել է, իսկ Անդրանիկի աղջկա մասին որևէ նման խոսակցություն չկա: Ընտանիքի անդամներն էլ բացառում են ընկեր ունենալու մասին տարբերակը»,-ասաց Եսայի Մովսիսյանը:

Աղբյուրը՝ «Zham.am»

Այս խորագրի վերջին նյութերը