Հարցազրույց

27.10.2009 16:26


Արմեն Մազմանյան.

Արմեն Մազմանյան.

Հարցազրույց «Գոյ» թատրոնի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար Արմեն Մազմանյանի հետ

-Ի՞նչ գնահատական կտաք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացին։

-Ես շատ վաղուց եմ ասել՝ որպես սուբյեկտ ունեմ իմ կարծիքը, որ թուրքին չեմ հավատում գենետիկորեն։ Իսկ ինչ կատարվում է, գնահատում եմ, որ հիպերիմպերիաների խաղն է, որը մեզ թելադրում են։ Մենք ուզենք, չուզենք, պետք է գնանք դրան։ Կասկածում եմ, որ ինչ-որ մեկը Հայաստան կամ Ղարաբաղ է ծախում։ Վստահ եմ, որ նույն նախագահի կամ այն անձերի անունները, ում մասին ասում են, որ ծախում են, գիտակցված ոչ ոք ոչինչ չի ծախում։ Ուղղակի թուրքական դիվանագիտությունն ավելի հզոր ու մեծ է աշխարհում, քան մերը։ Մեր պատրաստվածության իրական տեսակարար կշիռն ավելի ցածր է՝ այդ կռվի մեջ հաղթելու համար։ Մնում է ապավինել Աստծուն և մեկ էլ այն մարդկանց, ովքեր գիտակցորեն արյունով հայրենիք են նվաճել։

-Իսկ ընդհանուր առմամբ, այս գործընթացում Հայաստանի իշխանությունների և մասնավորապես Սերժ Սարգսյանի քայլերը դրակա՞ն, թե՞ բացասական եք գնահատում։

-Ընդհանուր առմամբ պոզիտիվ եմ գնահատում։ Պատկերացնում եմ այն ծանր պատասխանատվությունը, որ իրենք իրենց վրա են վերցնում իշխանությունները։ Կարծում եմ, որ իրենք էլ են դա գիտակցում, և իրենց երևի ավելի դժվար է, քան մեզ ձեզ հետ միասին։ Վստահ եմ, որ իրենք էլ մեզ նման տրամադրված են, որ ամեն ինչ լինի հօգուտ Հայաստանի։ Չեմ կասկածում երբ հայկական իշխանությունները հայտարարում են, որ չենք ընդունելու նախապայմաններ՝ Ղարաբաղ ու Ցեղասպանություն։ Մնացածը դժվարանում եմ ասել. դիվանագետ չեմ։

-Եթե համեմատականներ տանենք Հայաստանի երեք նախագահների գործունեության միջև, ինչպիսի՞ գնահատական կտաք նրանց երեքին։

-Երրորդ նախագահի գործունեությանը գնահատական տալը դեռ շուտ է։ Իսկ Ռոբերտ Քոչարյանի մասով, իմ կարծիքով, պատմությունն ամեն ինչ կխմբագրի, և նրան կհիշեն որպես շինարար նախագահ, ով, ժողովրդական լեզվով ասած, լույս քաշեց, ճամփա քաշեց։ Նա կարողացավ ստանալ ստատուս քվո և պահպանել այն, և դա վատ չէ. դրա արդյունքում մենք հասցրեցինք կառուցել ճանապարհներ, հասցրեց ստեղծվել ու նորմալ ամրանալ բանակը, Ղարաբաղի պաշտպանության գիծը։ Այսինքն, այն զինադադարը և Ղարաբաղի՝ օդում կախված կարգավիճակը, որ կար, այդ պահին մեզ ձեռնտու էր։ Ես անձամբ տրամադրված եմ, որ եթե ևս 10-15 տարի այսպես շարունակվի, դա ինքնին կբերի Ղարաբաղի հարցի մեխանիկական լուծման՝ հօգուտ մեզ։ Լևոնը՝ Տեր-Պետրոսյան, դեռ վստահ չեմ, թե ո՞նց պատմության մեջ կգնահատվի։ Ավելի շատ թուրքերի բռնած դիրքորոշումն է, որ իր քաղաքականությունն է։ Այն մտավախությունները, որ մենք ունենք ազգովի, այսինքն՝ արդյոք դա չի՞ նշանակում հետագայում Կարսի պայմանագրի ճանաչում, արդյոք դա չի՞ նշանակում Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչում, Ցեղասպանության պատմական թեմայից ազգովի հրաժարում, այս երեք կետերում Լևոն Տեր-Պետրոսյանն իր նախագահության ժամանակ շատ պարզ ասել է իր կարծիքը՝ Ղարաբաղը պետք է տանք, Հայկական հարցը պետք է պատմության մեջ գցենք, թուրքերի հետ բարիշենք և այլն։ Չեմ կարծում, որ այսօրվա իշխանության ու նրա ներքին դիրքորոշումները նույնն են։

-Արտաքին քաղաքականությունում Ռոբերտ Քոչարյանի՞, թե՞ Սերժ Սարգսյանի քայլերն եք ճիշտ համարում։

-Դեռ գնահատական չեմ շտապում տալ։ Ստատուս քվո պահպանելը համարում եմ այն ժամանակվա համար շատ ճիշտ քաղաքականություն, որի արդյունքում մենք ինչ-որ բան հասցրեցինք կառուցել, ստեղծել, պաշտպանվել։ Մի բան լավ չենք արել՝ կարծում եմ՝ ազգովի Ղարաբաղը լավ չենք բնակեցրել, չեմ ասում՝ այս իշխանությունը, թե այն։ Այն պահին դա՛ էր պետք։ Հիմա, որպես նախագահ, Սերժ Սարգսյանի քայլի արդյունքների մասին գնահատական տալ, կարծում եմ, դեռ շուտ է։ Կարծում եմ, որ այս գործընթացը դեռ մի 10 տարի «տուպիկի» է հանգելու, և հարցն այդքան հեշտ չի լուծվելու։ Մենք մոռանում ենք, որ սա ընդամենը մտադրությունների արձանագրություն է։ Սրանից հետո ամեն կետի մասին պետք է պայմանագիր ստեղծվի՝ դեսպանատուն հիմնելն առանձին կետով պայմանագիր պետք է դառնա, սահմանների ճանաչումը նույնպես պետք է դառնա փաստաթուղթ։ Սա արձանագրություն է ապագա պայմանագրերի մասին, և որ կոմն ինչպե՞ս կպահի իրեն, դեռ առջևում է։ Ժամանակավրեպ է կարծել, որ վերջացել է՝ Ղարաբաղը տվել ենք, Հայ դատը փակվել է...ես այդ կարծիքին չեմ։ Բայց նաև չեմ կարծում, որ մենք ազգովին պատրաստ էինք այս գործընթացին՝ թե՛ դիվանագիտական, թե՛ ֆինանսական առումով։ Դա դեռ մեր բիլակի բանը չէր։ Բայց դա մեր կամքը չի. աշխա՛րհն է մեզ ստիպում, իսկ մենք այդ գլոբալիզացիայի մեջ չենք կարող դիմադրել. այդքան հզոր չենք, որ դիմադրենք։

Զրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը