Աշխարհ

04.04.2015 13:18


Մեծ եղեռնին նվիրված ֆլեշմոբ Բեռլինում

Մեծ եղեռնին նվիրված ֆլեշմոբ Բեռլինում

Ապրիլի 3-ին Մեծ եղեռնի 100–ամյակի խորհուրդը կրող 100–մետրանոց Հայոց եռագույնը ծածանվեց գերմանական Բեռլին քաղաքում՝ լեգենդար Ռեյխսթագի՝ ազգային ժողովի շենքի մոտ, Շպրե գետի ափին: «Տիգրան Մեծ» Բարեգործական հիմնադրամի նախաձեռնած հերթական միջոցառումները նույնպես նվիրված էին Մեծ եղեռնի 100–ամյա հիշատակին:

Ապրիլի 3-ի կեսօրին Բեռլինի կենտրոնում գտնվող Ռեյխսթագի շենքի մոտ «Տիգրան Մեծ» բարեգործական հիմնադրամի նախագահ, Արցախյան ազատամարտի մասնակից, ֆոտոլրագրող Սրապիոն Գևորգյանին են միացել Գերմանիայի հայ համայնքի ակտիվ ներկայացուցիչները, որից հետո Ռեյխսթագի հարևանությամբ` Շպրե գետի ափին, մեկնարկել է ֆլեշմոբ-ակցիա: Գերմանաբնակ հայերը, «զինված» եռագույն դրոշներով, օգնեցին Սրապիոն Գևորգյանին, ճամփորդական պայուսակից հանել Մեծ եղեռնի 100– ամյակի խորհուրդը կրող 100 մետր երկայնք ունեցող եռագույնը, որից հետո, պարզելով դրոշը, 100 վայրկյան լռությամբ, հարգեցին Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը:

Այնուհետև ակցիայի մասնակիցները եռագույններ ծածանեցին այնտեղ, ուր 1921 թվականի մարտի 15-ին Սողոմոն Թեհլերյանի կողմից «Նեմեսիս» գործողության շրջանակներում գնդակահարվեց երիտթուրքերի ներքին գործերինախարար և Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին՝ հերոս հայորդի Սողոմոն Թեհլերյանի ծննդյան օրը, գերմանական Համբուրգ քաղաքում ևս տեղի ունեցավ ֆլեշմոբ-ակցիա: «Տիգրան Մեծ» հիմնադրամի ակցիաների նպատակը սփյուռքի հայ համայնքներին համախմբելով, Ցեղասպանությունը չճանաչած երկրներում հայերի ձայնը լսելի դարձնելու միջոցով` ճանաչում և դատապարտում պահանջելն է:

«Տիգրան Մեծ» բարեգործական հիմնադրամի պատրաստած 100 մետր երկայնք ունեցող եռագույնը Հայաստանի և Արցախի տարբեր բնակավայրերում և սփյուռքում ծածանվելուց հետո ապրիլ ամսին կլինի Արարատի գագաթին:

«Տիգրան Մեծ» Բարեգործական Հիմնադրամ


Այս խորագրի վերջին նյութերը