Լրահոս

04.04.2015 12:58


Ականային վտանգի մասին իրազեկման և ականազերծման գործունեությանն աջակցելու միջազգային օրն է

Ականային վտանգի մասին իրազեկման և ականազերծման գործունեությանն աջակցելու միջազգային օրն է
2005 թվականից ի վեր` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ՝ ապրիլի 4-ը հայտարարվել է ականային վտանգի մասին իրազեկման և ականազերծման գործունեությանն աջակցելու միջազգային օր:
Աշխարհի բազմաթիվ երկրներում ականային վտանգը սպառնում է խաղաղ բնակչության և առաջին հերթին երեխաների կյանքին, հաճախ դառնում է հաշմանդամության պատճառ: Ականապատ տարածքները պիտանի չեն ո՛չ գյուղատնտեսության, ո՛չ անասնապահության, ո՛չ հանքարդյունահանման և ոչ էլ տուրիզմի ու տնտեսության այլ ճյուղերի զարգացման համար, ուստի կամաց-կամաց լքվում և ժամանակի ընթացքում վերածվում են ամայի տարածքների:
Լուծումը միակն է. ականազերծում և պատերազմի պայթուցիկ մնացորդների վերացնում: Խնդիրը բավականին ժամանակատար է, ծախսատար և պահանջում է հետևողական բարեխիղճ աշխատանք: Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում ականային վտանգի վերացման պատասխանատվությունն իր ուսերին է վերցրել երկրի կառավարությունը: Կատարված հետազոտություններով Հայաստանի հանրապետության Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի 42 համայնքներում հայտնաբերվել և քարտեզագրվել են 131 վտանգավոր տարածքներ` 47մլն. քառ. մետր ընդհանուր մակերեսով: Ներկայումս ընթանում են տեխնիկական հետախուզման և ականազերծման աշխատանքներ, շարունակվում են ոչ-տեխնիկական հետազոտությունները: Ողջ գործընթացի համակարգումն ու որակի վերահսկողությունն իրականացնում է ՀՀ կառավարության որոշմամբ հիմնադրված հակաականային գործողությունների ազգային մարմինը` «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը:
Ականազերծման աշխատանքներն իրականացվում են «ՀԱԼՕ թրասթ» կազմակերպության կողմից` ՀՀ ՊՆ ինժեներա-սակրավորային խաղաղապահ գումարտակի հետ համատեղ: Ի դեպ, այդ գումարտակը ներկայումս հանդիսանում է երկրի հումանիտար ականազերծման միակ ներուժը: Աշխատանքների ֆինանսական աջակցությունը տրամադրվել է ԱՄՆ պետդեպարտամենտի PM/WRA գրասենյակի կողմից: Հայաստանն աջակցում է դոնորների կողմից ֆինանսավորված աշխատանքներին բոլոր հնարավոր միջոցներով: Օրինակ՝ անցած տարի Հայաստանի ներդրումը ԱՄՆ պետդեպարտամենտի PM/WR-ի կողմից ֆինանսավորված ծրագրում կազմում է 75.000.000 ՀՀ դրամ (պրոֆեսիոնալ ականազերծողների, հանդերձանքի,տրանսպորտի, վառելանյութի տրամադրում և այլն): Այս ամենն արվում է, որպեսզի վստահ լինենք, որ մեր բնակիչները մեր երկրում կարող են անվտանգ տեղաշարժվել և հիմք ստեղծել զարգացման համար: Հայաստանը զարգացման կարիք ունի, իսկ զարգացումը հանգեցնում է կայունության, որն էլ հենց այն է, ինչ պետք է երկրին և համայնքներին:
ՀՀ ՊՆ

Այս խորագրի վերջին նյութերը