Լրահոս

03.04.2015 20:53


ԵՊՀ-ում նախապատրաստվող ահաբեկչության մասին կեղծ հաղորդում են տվել՝ ուսանողի հոր այցելությունը համալսարան խափանելու նպատակով

ԵՊՀ-ում նախապատրաստվող ահաբեկչության մասին կեղծ հաղորդում են տվել՝ ուսանողի հոր այցելությունը համալսարան խափանելու նպատակով

Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 2 անձի՝ ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու դեպքի առթիվ։

Մարտի 19-ին և 20-ին Երևանի տարբեր քարտֆոններից ոստիկանության 1-02 ծառայությունում կեղծ հաղորդումներ էր ստացվել՝ Երևանի պետական համալսարանի մասնաշենքում պայթուցիկ սարքի տեղադրման վերաբերյալ։

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների արդյունքներում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, որի վերաբերյալ նյութերն ստացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում։

Պարզվել է, որ անձնական խնդիրները լուծելու նպատակով մարտի 19-ին ահաբեկչության մասին կեղծ ահազանգը տվել է Երևանի պետհամալսարանի ուսանող, անբավարար առաջադիմության պատճառով հեռացման ներկայացված, Երևանի բնակիչ Արամ Հայրյանը:

Վերջինիս խնդրանքով մարտի 20-ին ահաբեկչության մասին սուտ երկու հաղորդում է տվել Արթիկ քաղաքի բնակիչ, Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողուհի Սուսաննա Մնացականյանը:

Նախաքննությամբ պարզվել է, որ երկրորդ կուրսի մի ուսանող, ունենալով ցածր առաջադիմություն, գտնվել է համալսարանում ուսումնառությունից ազատվելու շեմին։ Տեղեկանալով, որ հայրը ցանկանում է այցելել համալսարան և հետաքրքրվել իր առաջադիմությամբ՝ ուսանողը հոր այցը ԵՊՀ խափանելու համար մարտի 19-ին զանգահարել է ոստիկանություն և նախապատրաստվող ահաբեկչության մասին տվել սուտ տեղեկություն։

Նույն նպատակով՝ հոր այցը մարտի 20-ին ևս խափանելու համար, ուսանողը մարտի 20-ին դրդել իր ծանոթուհուն զանգահարել ոստիկանություն և նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալ։ Վերջինս երկու անգամ՝ օրվա տարբեր ժամերին, զանգահարել է ոստիկանություն և Երևանի պետական համալսարանում նախապատրաստվող ահաբեկչության մասին տվել կեղծ հաղորդում։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ ուսանողին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածի, 38-259-րդ հոդվածի հատկանիշներով (2 դրվագ), աղջկան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածի հատկանիշներով (2 դրվագ):

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ՀՀ քննչական կոմիտե

Այս խորագրի վերջին նյութերը