Քաղաքական

02.04.2015 23:17


ԱՃեմօղլուն մտահոգիչ է համարում սահմանադրական փոփոխությունները Հայաստանում

ԱՃեմօղլուն մտահոգիչ է համարում սահմանադրական փոփոխությունները Հայաստանում

Աշխարհահռչակ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն մտահոգիչ է համարում սահմանադրական փոփոխությունների իրականացումը Հայաստանում: Այս մասին հայտնում է civilnet.am–ը։

Այս մասին նա այսօր ասաց Հայաստանի ամերիկյան համալսարանում Հայկական բարեգործական ընդհանուր միության կազմակերպած քննարկմանը, որը կրում էր «Հայկական պետականության կերտման մարտահրավերները» խորագիրը:

Դահլիճից հնչած հարցին, որ Հայաստանում սահմանադրական փոփոխություններ են կատարվում, որոնց արդյունքում հնարավոր է՝ մեկ կուսակցություն պահպանի իշխանությունը և այն չկիսի ուրիշների հետ, Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսորը պատասխանեց. «Ես Հայաստանի քաղաքականության հարցերով փորձագետ չեմ, բայց այն, ինչ դուք նկարագրեցիք, շատ մտահոգիչ է: Կարծում եմ՝ մեկ կուսակցությանը ավելի հզորացնելը ճիշտ բան չէ»:

Շարունակելով՝ Աճեմօղլուն ասաց. «Այն, որ դուք ունեք ինտերնետ, պետք է ստիպի քաղաքական համակարգին ավելի բաց լինել: Վերջին հաշվով՝ մենք միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներից չպետք է խոսենք, այլև հավելյալ այլ փոփոխություններից, որոնք մեծացնում են քաղաքացիական հանրության մասնակցությունը քաղաքականությունում՝ լրատվամիջոցների բաց լինելը, հասարակությունում քաղաքական մեծ համախմբումը: Ինստիտուցիոնալ փոփոխությունները շատ ավելի հաջող են լինում, երբ դրանք ուղեկցվում են հասարակական նման գործընթացներով»:

Հարցուպատասխանին նախորդած կարճ դասախոսությանը Աճեմօղլուն խոսեց իր և Ջեյմս Ռոբինսոնի հեղինակած «Ինչու են ձախողում պետությունները» գրքում առաջ քաշած թեզի մասին: Ըստ այդ թեզի՝ պետությունների զարգացման համար ավելի կարևոր են ոչ թե աշխարհագրական, աշխարհաքաղաքական, կլիմայական և այլ գործոնները, այլ նախևառաջ քաղաքական ինստիտուտները: Այդ տեսության համաձայն՝ ինստիտուտները լինում են ներառող (inclusive) և կեղեքող (extractive), և հաջողում են այն ազգերը, որոնք ունեն ներառող քաղաքական ինստիտուտներ, և հակառակը՝ ձախողում են նրանք, որոնց ինստիտուտները կեղեքող են:

«Ինստիտուտների խնդիրն է ամենակարևորը: Ոչ թե որ մնացածը կարևոր չեն, այլ որ դրանք ամենակարևորն են: Ներառող քաղաքական ինստիտուտները տնտեսական աճի կենտրոնում են: Հայաստանի կոնտեքստում երկրի հիմնական խնդիրը ոչ թե նրա վատ աշխարհագրությունն է, կա՛մ մշակույթը, կա՛մ պարզապես լիդերների խնդիր է: Խնդիրն իսկապես տնտեսական ինստիտուտներն են, որոնք պայմաններ են ստեղծում աճի համար և որոնք իրենց հերթին կախված են քաղաքական ինստիտուտներից, որոնք ուժ են տալիս քաղաքական գործիչներին, զսպում կոռուպցիան, ժողովրդին հնարավորություն տալիս արտահայտելու իր կամքը և փոխելու էլիտաները»:

Աճեմօղլուի խոսքով՝ ներառող քաղաքական ինստիտուտներին հարկավոր է նաև պետական ներուժ:

«Որտե՞ղ ենք տեսնում պետական ներուժը: Ինչո՞ւ որոշ հասարակություններ կարողանում են պատշաճ հանրային ծառայություններ մատուցել՝ սոցիալական ապահովություն, առողջապահություն և այլն իրենց քաղաքացիների համար, և ինչո՞ւ որոշները չեն կարողանում: Ինչո՞ւ աշխարհի շատ վայրերում, այդ թվում՝ Հայաստանում, մարդիկ հնարավորություն չունեն օգտվելու հիմնական հանրային ծառայություններից»,- հարցադրումներ արեց տնտեսագետը:

Մանրամասները՝ civilnet.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը