Լրահոս

02.04.2015 15:20


Նաիրիտցիները նորից ձեռնունայն մնացին

Նաիրիտցիները նորից ձեռնունայն մնացին
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Կառավարության դիմաց բողոքի ցույց անող նաիրիտցիների պատվիրակությանը, 6 հոգի էլ գնացել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի հետ հանդիպման։
Մեր թղթակցին նաիրիտցիներն ասել են, որ վարչապետի հետ հանդիպումն անարդյունավետ է եղել։ Կառավարության ղեկավարը, մասնավորապես, ասել է, որ ներկայումս հնարավորություն չկա աշխատավարձի պարտքերը փակելու համար. այդ ուղղությամբ դեռ աշխատանքներ են տարվում։ Վարչապետը խոստացել է օգնել միայն ուսանող ունեցող աշխատողներին. վերջինները կարող են դիմում գրել վարձավճարները հետաձգելու համար։ Իսկ աշխատավարձերի պարտքի մարման մասին նոր բան ասելու համար Հովիկ Աբրահամյանը նաիրիտցիներին կընդունի ապրիլի 17–ին։
Վարդան Այվազյանի հետ հանդիպումից վերադարձած նաիրիտցիներն էլ որևէ ստույգ տեղեկություն չեն բերել. Այվազյանը խոստացել է խնդրի մասին բարձրաձայնել վարչապետին ու նախարարին։
«Նաիրիտ»–ի աշխատողների հաջորդ ցույցը նախատեսած է երեքշաբթի՝ ժամը 11.00-ին, ՀՀ նախագահական նստավայրի դիմաց։
Նշենք նաև, որ Կառավարության այսօրվա նիստից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանը խնդրել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին պարզաբանումներ ներկայացնել «Նաիրիտ»–ի խնդրի կապակցությամբ՝ նշելով, որ դա Կառավարության պարտքը չէ։
Զախարյանն էլ ասել է, որ գործարանում կան գույքեր, որոնք «Նաիրիտ»-ի վերագործարկման համար անհրաժեշտ չեն, և այդ գույքի վաճառքի վերաբերյալ, հավանաբար, մոտ օրերս որոշակի շարժ կլինի։
Վարչապետն էլ հավելել է, որ «Նաիրիտի» վերագործարկումը կլինի միայն այն դեպքում, երբ հասկանան, որ դա արդյունավետ է։
7or.am

Այս խորագրի վերջին նյութերը