Քաղաքական

01.04.2015 16:55


Շիրակի մարզի գյուղաբնակների բողոքի ցույցն Աշոցքում (տեսանյութ)

Շիրակի մարզի գյուղաբնակների բողոքի ցույցն Աշոցքում (տեսանյութ)

Այսօր Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի մի քանի համայնքների բնակիչներ հավաքվել էին Աշոցք գյուղի կենտրոնում եւ պահանջում էին, որպեսզի գյուղնախարար Սերգո Կարապետյանն այցելի Շիրակի մարզ, ու լսի իրենց խնդիրները:

Այսօր առավոտյան կաթ մթերող մի քանի ընկերություններից գյուղաբնակներին տեղեկացրել են, որ ապրիլի մեկից իջեցրել են կաթի մթերման գինը, եւ 1 լիտր կաթն այսուհետ գյուղացիներից գնելու են 150 դրամով՝ նախկին 170-ի փոխարեն:

Սա առաջացրել էր Աշոցքի տարածաշրջանի մի քանի համայնքների բնակիչների զայրույթը. նրանք ցանկանում էին փակել միջպետական ճանապարհը:

«Ինչպե՞ս թե, կես լիտր ջերմուկը վաճառում են 200 դրամով, մեզանից մեկ լիտր կաթը ցանկանում են գնել 150 դրամով: Իսկ գյուղացուն ո՞վ է հարցրել, ո՞ւմ որոշումն է դա, ինչ-որ ընկերությունների՞, հա՞, որ իրենք գերշահույթ ստանան, մենք մեր օրվա հացի փողը չկարողանանք վաստակել»,-«ԳԱԼԱ»-ի հետ զրույցում ասաց գյուղաբնակներից մեկը:

Ըստ դժգոհող գյուղաբնակների՝ կաթ մթերող ընկերություններն ինքնակամ են գնացել այդ քայլին. առանց գյուղացու կարծիքը հաշվի առնելու՝ 20 դրամով իջեցնում են կաթի գինն այն պարագայում, երբ նույն այդ մթերող ընկերություններն իրենց արտադրանքի գնի նվազման չեն գնացել, եւ ուստի ունեն մտավախություն, որ ամռան ամիսներին կաթի մթերման գինը կիջնի 100-110 դրամ:

«Կաթի մթերման շուկայում վերահսկողություն չկա,–պնդում են գյուղացիները, –գյուղնախարարությունն ու ՀՀ կառավարությունը եւս այս հարցում անգործության են մատնված, ու դա այն դեպքում, երբ գյուղնախարար Սերգո Կարապետյանը դեռ ամիսներ առաջ հայտարարեց, թե կաթի գնի իջեցումը բացառված է լինելու»:

«Ո՞ւր է էդ Սերգո Կարապետյանը. ինքն ընդհանրապես Աշոցք գյուղի կամ այս տարածաշրջանի տեղը գիտի՞, թե՞ մենակ էդ խոշոր ակնոցը դնելն ու Արարատյան դաշտավայրում վարունգի մարգերը ման գալ գիտի: Գա տեսնի, որ այստեղ դեռ 2 մետր ձյուն կա, գա լսի, թե էսօր գյուղացին ինչ խնդիր ունի, ոչ թե մենակ պառնիկների մեջ պտտվի, պամիդորները նայե, բիբարները նայե»,- նշեց Աշոցքի բնակիչներից մեկը:

Հավաքված համայնքաբնակների դժգոհությունն ընդհանրական բնույթ էր կրում՝ այսօր գյուղացին հայտնվել է անելանելի վիճակում եւ, մեղմ ասած, գոյատեւում է: Նշում էին, որ չեն կարողանում վճարել բանկային վարկերի տոկոսադրույքները, անասնակերը գնում են թանկ գներով, հողագործությամբ զբաղվելն անարդյունք է, քանի որ վառելանյութն է թանկ, եւ գյուղացին իր եկամուտը ստանում է միայն անասնապահությունից, ինչից էլ փորձում են զրկել՝ նվազեցնելով կաթի մթերման գինը.

«Նախագահ ունենք տեղին, սազին, երբ նայում է, զարմանում է ոզնին, ոչ տեր կա, ոչ էլ տիրական կա, նախագահի ախպերը տելեստուդիա է դրել, տունը պառկած՝ 17 միլիարդ փող է ստանում տարեկան, գյուղացին այստեղ նայեք՝ ինչ է քաշում: Գյուղնախարարին հարցրեք՝ Աշոցքի տեղը գիտի՞: Նայեք՝ ապրիլ ամսին այստեղ ինչ վիճակ է՝ 2 մետր ձյուն կա, այսինքն՝ 2 ամիս կովը խոտ պտի ուտի, գյուղացին 1500 դրամ մեկ տուկ խոտին է տալիս, էս գյուղացին վաղը, մյուս օր ինչո՞վ պետք է վարուցանք անի: Սաղ տեղերը վառելիքն իջել է, էս երկրում՝ ոչ: Թե՞ վառելիք բերողը նախագահն է: Հաղորդե՛ք, որ Սերժիկը գա իմ տեղս ապրի, ես՝ իր տեղը, տեսնեմ՝ ինքը կարո՞ղ է իմ տեղս ապրի. ինքը մի օր չի ապրի մեզ նման: Իրանք սովորել են պորտաբույծի պես թալանեն ժողովրդին, կեղեքեն ու ժողովրդին էլ սարքեն չարչի թափառական»,- նշեց վրդովված գյուղացիներից մեկը:

Մանրամասները՝ «ԳԱԼԱ»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը