Լրահոս

01.04.2015 16:48


ԵՏՄ տարածքում արտահանում իրականացնելու դեպքում տնտեսավարողից փաստաթուղթ չի պահանջվում

ԵՏՄ տարածքում արտահանում իրականացնելու դեպքում տնտեսավարողից փաստաթուղթ չի պահանջվում

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր կազմակերպվել էր հանդիպում, որին հրավիրվել էին մի խումբ ջերմոցատերեր` պտուղ-բանջարեղենի արտահանման ընթացակարգերը ներկայացնելու նպատակով: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալներ Սամվել Գալստյանը, Գառնիկ Պետրոսյանը, Ռոբերտ Մակարյանը, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայության պետի տեղակալ Հովհաննես Հայրապետյանը, բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը և այլ պաշտոնատար անձինք:

Փոխնախարար Սամվել Գալստյանն իր խոսքում մասնավորապես նշեց, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը լայն հնարավորություններ է ստեղծել հանրապետությունում պտուղբանջարեղենի արտադրության ու արտահանման ծավալների ավելացման համար, քանի որ այժմ ընթացակարգերն առավելագույնս պարզեցված են, և այս առումով գործող պայմանները խիստ բարենպաստ են գյուղացիական տնտեսությունների համար:

Փոխնախարար Գառնիկ Պետրոսյանն իր հերթին փաստեց, որ գյուղմթերքի տեղական արտադրության զարգացման համար պետությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցառումները:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայության պետի տեղակալ Հովհաննես Հայրապետյանը և բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը հանգամանորեն ներկայացրին պտուղբանջարեղենի արտահանման ընթացակարգերի փոփոխությունները: Մասնավորապես ընդգծվեց, որ ԵՏՄ տարածքում արտահանում իրականացնելու դեպքում այժմ տնտեսավարողից որևէ փաստաթուղթ չի պահանջվում և դրա համար նրանք որևէ տեսակի վճարումներ չեն իրականացնում. գործընթացն առավելագույնս պարզեցված է, և ծախսվող ժամանակն անհամեմատ կրճատվել է: Միակ փաստաթուղթը, որն անհրաժեշտ է ձեռք բերել արտահանում իրականացնելիս տեսչության կողմից տրվող բուսասանիտարական հավաստագիրն է, որը նույնպես տրամադրվում է անվճար: Հավաստագիրը տրվում է մաքսային ձևակերպումներ իրականացնելիս ծառայության տեսուչների կողմից` սեղմ ժամկետներում: Պատասխանատուները հավելեցին, որ տեսուչների հեռախոսահամարները հրապարակված են www.snund.am կայքում, ինչպես նաև հորդորեցին ցանկանացած հարցի դեպքում զանգահարել ծառայության թեժ գծի հեռախոսահամարով` վստահեցնելով, որ դրանց սեղմ ժամկետներում պատասխաններ կտրվեն:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև տեղական արտադրանքի խթանմանը, որակին, մրցունակությանը, ինչպես նաև վնասատուների դեմ պայքարի միջոցառումներին առնչվող հարցեր:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության

տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը