Լրահոս

01.04.2015 16:19


Հրաչիկ Միրզոյանին ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեջ կասկածվող անձը ձերբակալվել է

Հրաչիկ Միրզոյանին ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեջ կասկածվող անձը ձերբակալվել է

Գյումրիում քաղաքացի Հրաչիկ Միրզոյանին կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կասկածյալն այսօր ձերբակալվել է։

2015 թվականի մարտի 28-ին ահազանգ էր ստացվել, որ նույն օրը՝ ժամը 16։45-ի սահմաններում, Գյումրու Թատերական հրապարակում տեղի ունեցած հավաքի ժամանակ կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածք է պատճառվել Երևանի բնակիչ Հ.Միրզոյանին։ Նախնական ախտորոշմամբ՝ քաղաքացուն պատճառվել է կրծքավանդակի ձախ կեսի կողմնային պատի 9-րդ և 10-րդ միջկողային տարածքի կտրած-ծակած թափանցող վերք։

Դեպքի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, կատարվել դեպքի վայրի զննություն, նշանակվել փորձաքննություն։

Հ.Միրզոյանը ճանաչվել է որպես տուժող և հարցաքննվել։ Վերջինս ցուցմունքներ է տվել դեպքի հանգամանքների մասին և նշել, որ հիվանդանոց տեղափոխվելուց հետո իրեն լուսանկար են ցույց տվել, որում ինքը ճանաչել է իրեն մարմնական վնասվածք պատճառած անձին և նկարագրել նրան։ Պարզվել է, որ լուսանկարում պատկերված անձը հանդիսանում է Շիրակի մարզի բնակիչ Կ.Խաչատրյանը։

Կ.Խաչատրյանը 2015 թվականի ապրիլի 1-ին ինքնակամ ներկայացել է իրավապահ մարմիններին, և նույն օրը քննիչի կողմից ձերբակալվել՝ Հ.Միրզոյանին ծանր մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով։

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ։


Ծանուցում.
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության հետ
կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը