Լրահոս

31.03.2015 13:47


Հավելումներով հարստացված ալյուրը հաստ աղիքի քաղցկեղ է առաջացնում

Հավելումներով հարստացված ալյուրը հաստ աղիքի քաղցկեղ է առաջացնում

ՀՀ սպառողների ազգային ասոցիացիայի անդամները դեմ են ցորենի ալյուրը ֆոլաթթվով հարստացնելուն։ Այս մասին այսօր լրագրողներին ասել է Սպառողների ազգային ակադեմիայի փոխնախագահ Ռուբեն Հայթյանը։

Նրա խոսքերով՝ դրանից հրաժարվել են արդեն մի քանի տասնյակ եվրոպական զարգացած երկրներ։ Չիլիում ու Նոր Զելանդիայում էլ, որտեղ իրականացվել է այդ գործընթացը, համապատասխանաբար երեք և երկու անգամ ավելացել է հաստ աղիքի քաղցկեղով հիվանդացությունը։

«Ալյուրի վերամշակման գործընթացում կարևոր նյութերը կորցնում ենք, հետո փորձում ենք արհեստական ու վտանգավոր մեթոդներով լրացնել: Բնականով չենք կարող. շատ թանկ է»,–նկատել է Հայթյանը։

Ըստ բանախոսի՝ պարտադիր չէ հացի մեջ այդ հավելումներն ավելացնել. այն մարդիկ, որոնց անհրաժեշտ է ֆոլաթթու, կարող են ձեռք բերել հատուկ սննդամթերք, որում այն պարունակվում է:

«Միայն հացի՞ միջոցով պիտի բավարարվի բնակչությունը, ո՞ւր եմ մյուս սննդատեսակները։ Ինչո՞ւ են ուզում միայն հացով կերակրել մարդկանց։ Կան նաև մարդիկ, որոնց հակացուցված են հացատեսակները»,–ասել է ՀՀ սպառողների ակադեմիայի հացամթերքի մասնագետ Վարդուհի Մելիքյանը։

Կենսաֆիզիկոս Աշոտ Կարապետյանն էլ իր զարմանքն է հայտնել՝ ինչու են հղի կանանց պարտադիր 5 միլիգրամ ֆոլաթթու նշանակում, երբ 4–ն էլ արդեն բացառիկ դեպքերի համար է նախատեսված.

«Ֆոլաթթուն սինթետիկ նյութ է. դրա դեֆիցիտ օրգանիզմում անհնար է ունենալ»:

Բանախոսների կարծիքով սա միտումնավոր պարտադրվող ծրագիր է ԱՀԿ-ի, Համաշխարհային բանկի ու ՅՈւՆԻՍԵՖ–ի կողմից, որոնք, չկարողանալով իրենց արտադրած սննդային հավելումները եվրոպական մեծ երկրներին պարտադրել՝ փորձում են մեզ նման երկրներին պարտադրել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը