Տնտեսական

31.03.2015 13:02


Համաշխարհային բանկը էլեկտրացանցերի բարելավման համար 52 միլիոն դոլար վարկ կտրամադրի

Համաշխարհային բանկը էլեկտրացանցերի բարելավման համար 52 միլիոն դոլար վարկ կտրամադրի

2015թ. Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդն այսօր Հայաստանի
«Էլեկտրահաղորդման ցանցի բարելավման ծրագրի» (ԷՀՑԲԾ) համար հաստատեց 52 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ վարկը:

Նոր ծրագիրը կբարելավի էլեկտրահաղորդման ցանցի հուսալիությունը և համակարգի կառավարումը՝ օժանդակելով երկրում բավարար էլեկտրամատակարարում ապահովելու կառավարության ջանքերին:

Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման ազգային հայեցակարգում էլեկտրահաղորդման հիմնական ցանցի ակտիվների հիմնանորոգումը համարվում է երկրում էլեկտրաէներգիայի հուսալի մատակարարման նախադրյալ: Ծրագրի առաջին՝ «էլեկտրահաղորդման ցանցի ամրապնդում» բաղադրիչը, նպատակաուղղված է հիմնանորոգման տեսանկյունից ամենաբարձր առաջնահերթությունն ունեցող երկու հիմնական օբյեկտներին:

Աշնակ ենթակայանի հիմնանորոգումը, հիմնական սարքավորումների փոխարինման միջոցով, կօգնի կրճատել սարքավորումների խափանումների քանակը և տևողությունը՝ բարելավելով էլեկտրամատակարարման հուսալիությունը շուրջ 120000 էլեկտրաէներգիա սպառողների համար: Աշնակ ենթակայանը շահագործման է հանձնվել 1983թ. և այդ ժամանակվանից ի վեր որևէ լուրջ հիմնանորոգման չի ենթարկվել: Հուսալի էլեկտրամատակարարմամբ ապահովելու իմաստով ենթակայանը կարևոր է Հայաստանի արևելյան և հյուսիս-արևելյան շրջանների այնպիսի սպառողների համար, ինչպիսիք են օրինակ՝ կաթնամթերքի խոշոր ընկերությունը, ասֆալտի գործարանը և ադամանդի մշակման ու ոսկերչական զարդերի արտադրության գործարանը, որտեղ աշխատում է շուրջ 3500 մարդ:

Երևանի ջերմաէլեկտրակենտրոնի (Երևանի ՋԷԿ) ենթակայանի հիմնանորոգումը, որին բաժին է ընկնում Հայաստանի էլեկտրաէներգիայի արտադրության տարեկան ծավալի 20 տոկոսը, կօգնի կրճատել սարքավորումների խափանումների հաճախականությունը: Իր ենթակայանի խափանման պատճառով ցանցից անջատվելու դեպքում երկրում էլեկտրաէներգիայի պահանջարկի բավարարման ընդհանուր արժեքը զգալի կբարձրանա: Ենթակայանը շահագործման է հանձնվել 1965 թ., և այդ ժամանակից ի վեր չի հիմնանորոգվել: Այդ պատճառով էլ, այն չափազանց կարևոր է երկրի բոլոր՝ 1040000 էլեկտրաէներգիա սպառողներին էլեկտրաէներգիայի բավարար և ցածր արժեքով մատակարարումն ապահովելու համար:

«Ներկայումս Հայաստանի էներգետիկ ոլորտի առջև ծառացել են մի շարք մարտահրավերներ, այդ թվում՝ մատակարարման համարժեքությունն և հուսալիությունը: Ընտրված ենթակայանների վրա ծրագրի կենտրոնացումը կբարելավի համակարգի
հուսալիությունը և ուղղակի նպաստավոր կլինի Հայաստանում էլեկտրաէներգիայի բոլոր սպառողներին»,- ասաց Համաշխարհային Բանկի հայաստանյան գրասենյակի տնoրեն Լորա Ի. Բեյլին: «Այն թույլ կտա խուսափել էլեկտրաէներգիայի մատակարարման անջատումների հաճախականության ավելացումից, ինչպես նաև դրան առնչվող զգալի սոցիալական և տնտեսական ծախսերից խուսափելու հնարավորություն»:

Երկրորդ՝ «էլեկտրաէներգետիկական համակարգի կառավարման բարելավում» բաղադրիչի շրջանակում նախատեսվում է հիմնել կարգավարական պահուստային կենտրոն, որը կտա համակարգի կառավարումը բարելավելու հնարավորություն: Մասնավորապես, այն կարևորվում է հատկապես առաջնային կարգավարական կենտրոնի (Երևանի կենտրոնում գտնվող) տեխնիկական կամ այլ պատճառներով խափանման դեպքում շարունակական կառավարումը և վերահսկողությունը ապահովելու տեսանկյունից:

Կարգավարական պահուստային կենտրոնը նման խափանման դեպքում կտա էլեկտրաէներգետիկ համակարգի վերահսկողությունը և կառավարումն անմիջապես վերականգնելու հնարավորություն:

«Հայաստանի էներգետիկ համակարգին անհրաժեշտ կլինի շուրջ 500 ՄՎտ գազով էլեկտրաէներգիա արտադրելու կարողություն՝ մինչև 2020 թ. մատակարարման կարողության ճեղքվածքի առաջացումը կանխելու համար»,- ասաց Համաշխարհային բանկի ծրագրի թիմի ղեկավար Արթուր Կոչնակյանը: «Էլեկտրաէներգիայի արտադրության նոր ծրագրի նախապատրաստումը սույն ծրագրի շրջանակում իրականացվելիք մյուս կարևոր միջոցառումն է: Կառավարությունը նախատեսում
է կառուցել համակցված ցիկլով աշխատող գազային տուրբին, որի համար կպահանջվեն նախապատրաստական մի շարք աշխատանքներ, որոնց համար ֆինանսավորումը մատչելի չէ»:

Ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը կազմում է 69.16 միլիոն ԱՄՆ դոլար, որից 17.16 միլիոն ԱՄՆ դոլարը կտրամադրի Կառավարությունը: Համաշխարհային բանկը կտրամադրի 52 միլիոն ԱՄՆ դոլար ՎԶՄԲ վարկ, փոփոխական տոկոսադրույքով՝
14.5 տարի արտոնյալ ժամկետով և 25 տարի մարման ընդհանուր ժամկետով:
1992 թ. Համաշխարհային բանկին և 1993 թ. ՄԶԸ-ին անդամակցելուց ի վեր ընդհանուր առմամբ Հայաստանին տրամադրվել է 2,118.730 միլիոն ԱՄՆ դոլար:

Համաշխարհային բանկ

Այս խորագրի վերջին նյութերը