Լրահոս

31.03.2015 07:27


Բեռնար Շալանդն այլևս Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը չէ

Բեռնար Շալանդն այլևս Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը չէ

Հրաժարական է ներկայացրել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, շվեյցարացի Բեռնար Շալանդը։ Նա իր այս որոշման մասին հայտարարել է Ալբանիայից Հայաստան վերադառնալուց հետո։

Շալանդի՝ ՀՖՖ–ի հրապարակած հայտարարությունում մասնավորապես ասվում է.

«Ես Հայաստան եկա մոտ մեկ տարի առաջ՝ ունենալով միայն մեկ նպատակ՝ հաղթահարել Եվրոպայի առաջնության որակավորման փուլը Հայաստանի ազգային հավաքականի հետ: Սա մեծ մարտահրավեր էր ինձ համար: Իմ պայմանագրում հստակ նշված էր, որ մենք պետք է հավաքենք որակավորման փուլը հաղթահարելու համար անհրաժեշտ միավորներ, հակառակ դեպքում ես պետք է լքեմ իմ պաշտոնը: Հենց այդ պատճառով ինձ համար հիմա ամեն ինչ պարզ է:

Բնականաբար, 4 խաղից 1 միավորը բավարար արդյունք չէ՝ նույնիսկ հաշվի առնելով, որ մենք այս մրցափուլի գրեթե բոլոր խաղերի ժամանակ ունեցել ենք կորուստներ: Բացի այդ, յուրաքանչյուր խաղի ժամանակ մեզ ինչ-որ բան խանգարել է: Մխիթարյանի և Արզումանյանի վնասվածքները՝ Դանիայի հետ հանդիպման ժամանակ, Մարկոսի չիրացրած 11-մետրանոցը՝ Սերբիայի դեմ խաղում, Համբարձումյանի կարմիր քարտը՝ Ալբանիայի դեմ խաղում: Եթե ցանկացած խաղ տևեր 70 րոպե, մենք կունենայինք 10 միավոր: Դա նշանակում է, որ մեր ընտրած կազմը կամ մարտավարությունը խաղերի համար այնքան էլ վատը չէր, ուղղակի մեզ ինչ-որ բան չէր հերիքում վերջում: Անկախ ամեն ինչից՝ ես արդարացումներ չեմ փնտրում: Խնդիրը կատարված չէ:

Իհարկե, մենք չկարողացանք ազգային հավաքականի հետ հասնել ցանկալի արդյունքի, բայց իրականացրեցինք շատ լուրջ ծրագիր ֆուտբոլի զարգացման համար՝ ձևավորելով Հայաստանի մինչև 14 և 15 տարեկանների հավաքականները: Միգուցե, հենց այդ տղաները հետագայում կազմեն Հայաստանի ապագա հավաքականի կորիզը: Բայց ես հասկանում եմ, որ իմ հիմնական գործը Հայաստանի ազգային հավաքականի հաջող խաղն էր և լավ արդյունքը»:

Նա նաև ավելացրել է, որ տխուր է այս հրաշալի երկիրը լքելու կապակցությամբ, որովհետև այստեղ աշխատելն, իրոք, շատ հաճելի էր իր համար:

Շալանդը հույս է հայտնել, որ մի օր Հայաստանի հավաքականը հանդես կգա Եվրոպայի կամ աշխարհի առաջնությունում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը