Քաղաքական

28.03.2015 21:51


ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ պետական դումայի հանձնաժողովներն ավարտել են համատեղ նիստի աշխատանքը

ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ պետական դումայի հանձնաժողովներն ավարտել են համատեղ նիստի աշխատանքը

Մարտի 28-ին Ազգային ժողովում մեկնարկել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ Պետական դումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի երրորդ համատեղ նիստը:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը ողջույնի խոսքում կարեւորել է երկու հանձնաժողովների համատեղ նիստի անցկացումը՝ նշելով, որ այն կարեւոր հարթակ է՝ քննարկելու երկու հասարակությունների համար ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Նա արդյունավետ աշխատանք է մաղթել նիստի մասնակիցներին:

ՀՀ փոխվարչապետ, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար, ԱՊՀ հարցերով ՀՀ ազգային համակարգող, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ Վաչե Գաբրիելյանը նշել է, որ ԵՏՄ-ին Հայաստանի լիիրավ մասնակցությունը դիտարկվում է որպես ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի ազատ շրջանառության վրա հիմնված կանխատեսելի եւ առավելագույնս փոխշահավետ հարաբերությունների զարգացման ձեւաչափ: Ըստ փոխվարչապետի՝ Եվրասիական միությունը, թերեւս, աշխարհագրական առումով ամենախոշոր տնտեսական միավորումն է: Այնուամենայնիվ, Վաչե Գաբրիելյանը կարծում է, որ միությունն ունի դեռեւս չիրացված հսկայական ներուժ: Փոխվարչապետն անդրադարձել է նաեւ ԵՏՄ-ի շրջանակներում Հայաստանի հեռանկարներին եւ նշել. «Մենք գիտակցում ենք, որ ինտեգրացիոն գործընթացները մեծ ջանքեր են պահանջելու եւ պետք է դրա համար օգտագործել համագործակցության ներուժը բոլոր հնարավոր ձեւաչափերում»:

ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկին ընդգծել է, որ երկու հանձնաժողովները ծավալուն աշխատանք են կատարել արդեն իսկ անցկացված երկու համատեղ նիստերի ընթացքում: Նա կարեւորել է միջազգային հարթակներում համագործակցությունը եւ երկկողմ հանդիպումներն առավել պարբերական դարձնելը:

«Տնտեսական համագործակցության եւ զարգացման հեռանկարները Եվրասիական տնտեսական միության շրջանակներում» թեմայի վերաբերյալ ելույթ են ունեցել ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը, ՌԴ ԴԺ ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի անդամ Վասիլի Լիխաչովը եւ Եվրասիական տնտեսական միության Կոլեգիայի անդամ Կարինե Մինասյանը:

Էմիլ Տարասյանը ներկայացրել է այն փոփոխությունները եւ լրացումները, որոնք կատարվել են ՀՀ օրենսդրությունում՝ նպատակ ունենալով այն համապատասխանեցնելու ԵՏՄ-ի պայմանագրի պահանջներին: Վասիլի Լիխաչովի գնահատմամբ՝ Եվրասիական տնտեսական միությունը նախատեսում է ազգային ինքնիշխանության ամրապնդում եւ ազգային տնտեսությունների զարգացում: Պարոն Լիխաչովը կարեւորել է ԵՏՄ շրջանակներում խորհրդարանական համագործակցության ակտիվացումը: Նա առաջարկել է հայ եւ ռուս խորհրդարանականներին մշակել եւ միջազգային հարթակներում ներկայացնել Եվրասիական տնտեսական միության գաղափարախոսությունը եւ դրանով նպաստել նաեւ ԵՏՄ-ի ու ԵՄ-ի միջեւ երկխոսությանը: Կարինե Մինասյանը ներկայացրել է այն ուղղությունները, որոնք պետք է զարգացնել ԵՏՄ շրջանակներում համագործակցությունն ավելի արդյունավետ եւ բազմակողմանի հիմքերի վրա դնելու համար:

«Եվրասիական տնտեսական միության շրջանակում աշխատանքային միգրացիայի եւ ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժման հարցերը» թեմայով ելույթ են ունեցել ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավարի տեղակալ Անատոլի Ֆոմենկոն եւ ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը:

Անատոլի Ֆոմենկոն խոսել է միգրացիոն ոլորտում արձանագրված դրական արդյունքներից: Ըստ նրա՝ համաձայն մարտի 8-ին ՌԴ Նախագահի կողմից ստորագրված միջպետական համաձայնագրի՝ ՀՀ այն քաղաքացիները, ովքեր մտադիր են աշխատանքային գործունեություն ծավալել ՌԴ-ում, ազատվում են համապատասխան աշխատանքային թույլտվություն ձեւակերպելու անհրաժեշտությունից: Անատոլի Ֆոմենկոն տեղեկացրել է, որ այժմ ՌԴ-ում է գտնվում շուրջ կես միլիոն ՀՀ քաղաքացի, որոնց մեծ մասը եկել է աշխատանքային գործունեություն ծավալելու նպատակով:

Գագիկ Եգանյանը նշել է, որ միգրացիոն գործընթացներն իրենց ծավալներով եւ թողած հետեւանքներով այսօր դասվում են ՀՀ-ին ամենից շատ հուզող երեւույթների թվին, իսկ դրանց կարգավորումը համարվում է կառավարության գործունեության գերակա ուղղություններից մեկը: Նշվել է, որ ՀՀ քաղաքացիների գերակշիռ մասը ՌԴ-ում զբաղված է շինարարության ոլորտում: Գագիկ Եգանյանը խոսել է ՀՀ-ՌԴ միգրացիայի տեղաշարժից, ՌԴ-ում մուտքի արգելք ունեցող ՀՀ քաղաքացիների խնդիրներից:

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ՝ խորհրդարանական հարթակներում համագործակցությունը» զեկույցով հանդես է եկել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Ռուստամյանը: Նա, անդրադառնալով Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպան քաղաքականությանը, կարծիք է հայտնել, որ ժամանակակից Թուրքիան, վարելով ժխտողական քաղաքականություն, ինքնաբերաբար դառնում է Օսմանյան կայսրության իրավահաջորդը եւ իր վրա վերցնում պատասխանատվության ողջ բեռը: Պարոն Ռուստամյանի համոզմամբ՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը միայն երկու կողմերի խնդիրը չէ, այն մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ մարդկությանը:

Մտքերի փոխանակության ընթացքում հայ եւ ռուս պատգամավորները խոսել են ԵՏՄ պայմանագրին Հայաստանի միանալու առանձնահատկություններից, ինտեգրման ուղղությամբ իրականացված աշխատանքներից, խնդիրներից ու մարտահրավերներից, ԵՏՄ-ԵՄ փոխգործակցությունից, Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման անհրաժեշտությունից: Խորհրդարանականները կարեւորել են ԵՏՄ շրջանակներում տարբեր ոլորտներում համագործակցության ակտիվացումը եւ նման ձեւաչափերով հանդիպումների հաճախակի կազմակերպումը:

Նիստի ավարտին պատգամավորներն ընդունել են համատեղ հայտարարություն:

Նիստի արդյունքներն ամփոփվել են Արտակ Զաքարյանի եւ Լեոնիդ Սլուցկու համատեղ մամուլի ասուլիսում:

ՀՀ ԱԺ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը