Քաղաքական

25.03.2015 12:40


Րաֆֆի Հովհաննիսյան. «Մենք այլևս պիտի չհանդիպենք, որպեսզի նկարահանեն մեզ շարանով» (տեսանյութ)

Րաֆֆի Հովհաննիսյան. «Մենք այլևս պիտի չհանդիպենք, որպեսզի նկարահանեն մեզ շարանով» (տեսանյութ)

–Մեծ պահքի շրջան է։ Ես ներում եմ Սերժ Սարգսյանին իմ ընտրության գողության համար, ինչպես նաև Վեհափառին՝ Աստվածամոր Աստվածաշունչը կեղծ երդման ներկայացնելու համար,–այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հավելելով.

–Ես դա չեմ կարող անել ողջ ժողովրդի անունից, և ուրեմն, հերթը նաև պարոն Սարգսյանինն է և Վեհափառինը, և իրենք պետք է իրենց արժանապատիվ ձևը գտնեն՝ ներողություն հայցելու Հայաստանի քաղաքացիներից, հավատացյալներից և հայ ժողովրդից։

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հետ Արմեն Մարտիրոսյանի և Ռուբեն Հակոբյանի հայտնի հանդիպմանը, որը ներքին տարաձայնություններ առաջացրեց «Ժառանգություն»–ում, Ր. Հովհաննիսյանն ընդգծել է.

–Տեղի է ունեցել միջկուսակցական ոչ պաշտոնական խորհրդակցություն Հանրապետական կուսակցության նախագահի և «Ժառանգության» վարչության 2 անդամների միջև։

Նա նշել է, որ իր բացակայության օրերին կուսակցության գործունեության համար պատասխանատու էր Արմեն Մարտիրոսյանը, ու թեև «եղել են մեթոդաբանական սխալներ, չկշռադատված որոշ գործոններ», բայց այդ սխալներն իրե՛նն են, ոչ թե Մարտիրոսյանինը.

–Մարտիրոսյանը և Հակոբյանը լիազորությունից դուրս չէին։ Ես ինքս չէի գնա նման հանդիպման, բայց նաև տեղյակ էի այդ հանդիպման հնարավորության մասին։ Դրա կայացումից հետո ես տեղեկացա, որ կայացել է։

Հիշեցնելով, որ «Ժառանգություն»–ը ներկայացրել է սահմանադրական փոփոխությունների իր առաջարկները՝ Ր. Հովհաննիսյանը նշել է, որ իշխանությունը դրանք չի իրականացնում։

–Ես հայտարարում եմ այսօր, որ հետայսու մենք այս ինքնանպատակ խաղերին չենք մասնակցելու։ Մեր տեսակետները շատ հստակ են. եթե ուզում են լուծում տալ, կարող են, բայց ներկա դրությամբ մենք այլևս պիտի չհանդիպենք, որպեսզի նկարահանեն մեզ շարանով, որ հետո ցույց տան հեռուստատեսությամբ։

Ասուլիսի վերջում Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին սիրով կընդունի «Ժառանգության» գրասենյակում, և եթե վերջինն էլ ուզենա դրանից հետո իրեն հրավիրել ՀՀԿ կենտրոնակայան, ապա ինքը սիրով կփոխադարձի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը