Լրահոս

24.03.2015 16:38


Վերականգնվել է Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի նստվածքային հատվածը

Վերականգնվել է Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի նստվածքային հատվածը

Վանաձոր-Ալավերդի միջպետական ավտոճանապարհի (Մ6) տարբեր հատվածներում 2014 թվականին գարնան հորդառատ անձրևների հետևանքով տեղի էին ունեցել փլուզումներ, սողանքներ:

Նույն ճանապարհի 26-րդ կմ-ում 2014թ. օգոստոսի 20-ին տեղի ունեցած փլվածքի հետևանքով ճանապարհի մի հատվածն ամբողջությամբ քանդվել էր, ինչի հետևանքով երթևեկությունը դարձել էր միակողմանի:

«Լոռի ՃՇՇ» ՓԲ ընկերության աշխատակիցներին հաջողվեց ճանապարհը քարաբեկորներից մաքրել միայն հատուկ տեխնիկայի կիրառմամբ, և ժամեր անց երթևեկությունը վերականգնվեց:

Խնդիրը հրատապ լուծում էր պահանջում, քանի որ երթևեկելի մասի եզրը տրանսպորտային միջոցների համար դարձել էր խիստ վտանգավոր:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի պատվերով «Լոռի ՃՇՇ» ՓԲ ընկերության աշխատակիցները հրատապ հիմնանորոգում պահանջող ծրագրի շրջանակներում ճանապարհի այդ հատվածում կատարել են հիմնանորոգման աշխատանքներ:

Իրականացվել են հողային պաստառի վերականգնման, գաբիոնային շարվածքով հենապատի կառուցման, ջրահեռացման համակարգի վերականգնման, ասֆալտբետոնե ծածկի կառուցման, ինչպես նաև մետաղական արգելափակոցների տեղադրման և նշագծման աշխատանքներ:

Հիմնանորոգումն իրականացվել է ՀՀ պետական բյուջեից տրամադրված միջոցների հաշվին: Կապալի պայմանագրային արժեքը` 5.202.084 ՀՀ դրամ է:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հրամանով ձևավորված շինարարական աշխատանքներն ընդունող հանձնաժողովը ճանապարհահատվածն ընդունել է շահագործման:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը