Լրահոս

13.10.2009 12:55


«Նոր Ժամանակներ». «...վարչախումբն օր առաջ պետք է հեռացվի»

2009 թվականի Հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները ստորագրեցին բացահայտ հակահայ արձանագրու­թյուններ: Արարողությունը տեղի ունեցավ ավելի քան երեք ժամ ուշացումով:   Այս երևույթի բացատրությունները պերճախոս ապացույց են, որ արձանա­գրություններն արդյունք են լրջագույն ճնշումների և դրանցում առկա են դեռևս 1993թ-ին Թուրքիայի կողմից առաջ քաշված երեք նախապայմանները' կապված իր երկրի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի սառեցման ու Արցախի հիմնահարցի ադրբեջանանպաստ լուծման հետ:

Հայաստանում և Սփյուռքում արձանագրված բողոքի ակցիաները փաստեցին տխրահռչակ արձանագրությունների հակահայ էության դեմ համահայկական մերժողականության իրողությունը, ինչն ինքնին մեր կենսունակ ազգային էության և գալիք մարտահրավերներին ազգովի դիմագրավելու պատրաստակամության վկայությունն է:

«Նոր Ժամանակներ» կուսակցությունը վերահաստատելով, որ ամեն գնով հայ ժողովրդի վզին նման հակաազգային արձանագրությունների փաթաթման փաստը հետևանք է Հայաստանի Հանրապետությունում տարիներ ի վեր իրականացվող հակաժողովրդական, բացառապես կլանային շահերին ծառայող օրենսդիր և գործադիր իշխանության իրականացման,

     հայտարարում է.

 

1.     Ներկա փուլում հայ ժողովուրդը Հայաստանում և Սփյուռքում ամեն ինչ պետք է անի որպեսզի այս խայտառակ փաստաթղթը չվավերացվի, դրանով իսկ կասեցնելով Հայաստանը և ողջ հայությունը մատաղացու դարձնելու համաշխարհային  ուժերի հերթական փորձը:

2.     Հայաստանի Հանրապետության շուրջ ծավալվող գործընթացները իրենց տրամաբանությամբ շատ նման լինելով Սերբիայի հետ կատարված կործա­նարար քայլերին, միանշանակ են դարձնում, որ մեր երկրի իշխանությանը բռնությամբ տիրացած կլանաօլիգարխիկ վարչախումբը օր առաջ պետք է հեռացվի, ինչն իրականություն կարող է դառնալ հասարակության տարբեր շերտերի, պարտադրանքից ու կաշկանդվածությունից ազատ քաղաքական ուժերի միասնական պայքարի արդյունքում: 

3.     2009 թ. Հոկտեմբերի 10-ից սկսած աշխարհասփյուռ հայությունը պետք է ընկալի, որ բացառապես հույսն իր վրա դնելով է ի վիճակի դիմագրավելու սպասվող մարտահրավերներին: Հիշեցնում ենք համաշխարհային բոլոր ուժերին, որ հինգհազարամյա պատմություն ունեցող հայ ազգը գոյատևել է ավելի ծանր կացություններում, վերապրելով ցեղասպանություն' շարունակել է կերտել իր հայրենիքը և հիմա էլ պայքարում է Արժանապատիվ ու Արդար Ապագայի համար:

                                          «Նոր  Ժամանակներ» Կուսակցության  Վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը