Աշխարհ

23.03.2015 11:39


Իվանիշվիլի. «Սահակաշվիլիի՝ իշխանություն վերադառնալու հույսերն ապարդյուն են»

Իվանիշվիլի. «Սահակաշվիլիի՝ իշխանություն վերադառնալու հույսերն ապարդյուն են»

«Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի՝ իշխանություն վերադառնալու հույսերն ապարդյուն են։ Այս մասին, «РИА Новости»–ի փոխանցմամբ, ասել է Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք» իշխող կոալիցիայի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին։

Այս շաբաթվանից Վրաստանի գործող կառավարությանն անվստահություն հայտնելու համար «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը ստորագրահավաք կսկսի:
Այս մասին խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները հայտարարել են շաբաթ օրը Թբիլիսիի Ազատության հրապարակում իրենց գործընկերների կազմակերպած բազմահազարանոց ակցիայի ժամանակ։

«Նրանք ցանկանում են վերադառնալ և վերադարձնել այն, ինչ եղել է առա՞ջ: Կարծում են՝ վրացի ժողովուրդն այնքան հիմա՞ր է, որ բաղձում է այն, ինչ տեղի էր ունենում բանտերում: Այդ էյֆորիան իզուր է. ինչպե՞ս է հնարավոր իրադարձություններն այդքան արագ մոռանալ»,- հայտարարել է Իվանիշվիլին:

Վերջինի խոսքերով՝ վրացի ժողովուրդը շատ լավ հիշում է «բանտային խոշտանգումների զարհուրելի տեսարանները, և երկրի կառավարությունը թույլ չի տա կրկնել այդ ծաղրուծանակը»։

2012թ. սեպտեմբերին Վրաստանի «բանտային սկանդալը» մեծ ազդեցություն ունեցավ հոկտեմբերի 1-ին խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա, երբ հաղթանակ տարավ այդ ժամանակ ընդդիմադիր «Վրացական երազանք» կուսակցությունը:

«Բանտային սկանդալը» սկիզբ առավ այն բանից հետո, երբ 2012-ի սեպտեմբերի 18-ին ցնցող տեսանյութ տարածվեց այն մասին՝ ինչպես են ծաղրում վրացի բանտարկյալներին։

«Միացյալ ազգային շարժում»–ը վստահ է, որ իշխանություն կվերադառնա 2016թ. ընտրություններով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը