Աշխարհ

21.03.2015 11:31


Ֆրանսիացի էլեկտրատեխնիկից Պիկասսոյի 200 կտավ են առգրավել

Ֆրանսիացի էլեկտրատեխնիկից Պիկասսոյի 200 կտավ են առգրավել

Ֆրանսիական դատարանը 75–ամյա էլեկտրատեխնիկ Պիեր Լե Հեննեքին և նրա կնոջը պարտավորեցրել է իսպանացի հայտնի նկարիչ Պաբլո Պիկասսոյի ժառանգներին վերադարձնել արվեստագետի մոտ 200 աշխատանք։ «BBC News»–ի փոխանցմամբ՝ ամուսիններին մեղադրել են կտավները թաքցնելու համար և դատապարտել 2 տարվա ազատազրկման։

Լե Հեննեքի դատական գործը սկսվել է 2011–ից. գործի վերաբերյալ նյութերը սկսել են հավաքել 2010–ից, երբ նա Պիկասսոյի որդուն՝ Քլոդին, հայտնել է հավաքածուի մասին։

271 կտավից բաղկացած հավաքածուն Հեննեքի մոտ է եղել շուրջ 40 տարի։ Նա պնդել է, որ դրանք ստացել է Պիկասսոյի կնոջից 1970–ականների սկզբներից։ Այդ շրջանում էլեկտրատեխնիկը Ֆրանսիայում նկարիչների տներին ազդանշանային համակարգեր էր տեղադրում։ Նկարչի շրջապատի հավաստմամբ, սակայն, Պիկասսոն կտավներ էր նվիրում միայն իր ամենամոտ ընկերներին։

Հավաքածուին կցված են եղել վիմագրություններ, դիմանկարներ, ջրանկարչական աշխատանքներ, կատակերգություններ՝ ստեղծված 1900–193թթ.։ Մոտավոր հաշվարկներով՝ այդ ամենն արժե առնվազն 60 մլն եվրո։

Իսպանացի հայտնի նկարիչ, քանդակագործ, գծանկարիչ Պաբլո Պիկասսոն իր ողջ կյանքի ընթացքում ստեղծել է մոտ 20 հազ աշխատանք։ Այսօրվա դրությամբ՝ դրանցից ամենաթանկը «Երազ» կտավն է, որը 2012–ին վաճառվել է 155 մլն դոլարով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը