Քաղաքական

03.02.2011 09:48


«7 օրի» աշխատանքների դադարեցման իրական պատճառների մասին

«7 օրի» աշխատանքների դադարեցման իրական պատճառների մասին

Հարգելի՛ ընթերցողներ, ինչպես հայտնի է շաբաթ օրը հունվարի 29-ի երեկոյան (մոտավորապես ժամը 21:00-ի սահմաններում) «7 օր» կայքէջն անհասանելի դարձավ համացանցում։ Մեր  սկզբնական ենթադրությունն այն էր, որ հոստինգի հետ կապված տեխնիկական խնդիրներ են առաջացել, ինչն անհանգստանալու տեղիք չէր տալիս, քանի որ համանման դեպքերում կայքէջի բնականոն գործունեության վերականգնման  հարցը շատ արագ լուծվում էր։

Ի դեպ, «7 օրի» անհասանելիությունը համընկավ թուրքական հակերների կողմից հայկական մոտ 300 կայքերի վրա հարձակման ժամանակահատվածի հետ, բայց մեր կայքն այդ ամենի հետ կապ չուներ, քանի որ թուրքական հակերները վնասել էին «Սմարթ սիստեմս»-ում սերվեր ունեցողների կայքերը, իսկ մեր առանձնացված վիրտուալ սերվերը գտնվում է  «Արմենիա Դեյթաքոմ Քամփնի»՝ ADC ընկերությունում։ «Միգուցե «7 օրն» էլ է դարձել նույն այդ հարձակման զոհը»,- մտածեցինք մենք ու սպասեցինք՝ մինչև որ ամեն ինչ շատ արագ տեղը կընկներ, բայց այդպես չեղավ։

Մի շարք գործոններ ու հանգամանքներ վերլուծելով՝ մեզ համար պարզ դարձավ, որ «7 օրի»  աշխատանքների խափանման պատճառը ոչ թե թուրքական հակերային կամ DDos հարձակումն է, ոչ թե կայքէջի ծրագրային կոդերի խնդիրն է, այլ այս ամենի մեջ խառն է իշխանության մատը։ Ականջները թաքցնել չհաջողվեց։  Կարելի է  միայն ենթադրել, թե ինչու հենց շաբաթ օրը տեղի ունեցով կայքէջի աշխատանքների կասեցումը, բայց դրա մասին հետագայում՝ ավելի հարկավոր պահի կանդրադառնանք։

Ստացվում է, որ հայաստանյան կայքէջերի աշխատանքները գրաքննելու յուրօրինակ ձև է մշակվել, որը ենթադրաբար ընտրությունների ժամանակ կփորձեն կիրառել «նախաձեռնողականության» գաղափարախոսները։ Այսինքն՝ իշխանության կոնկրետ թևն իր ձեռքն է վերցրել հեռուստատեսային և մեծամասամբ նաև լևոնական կոչված թերթերն ու կայքերի մեծ մասը, ու դա իրենց քիչ է թվացել։ Հիմա էլ  որոշել են ոչ յուրայիններին լռեցնել այլ տարբերակով։ Դե ինչ, հաշվի կառնենք այդ հանգամանքն ու համապատասխան քայլեր կձեռնարկենք։

Հուսանք, որ այս տեքստից հետո մեր կայքէջը կրկին «թուրքական», այն է՝ տեղական  «հակերային» հարձակման չի ենթարկվի։

Անդրանիկ Թևանյան

Հ.Գ.։ Այն ժամանակահատվածում, երբ «7 օրը» չէր գործում՝ հայաստանյան բոլոր հեռուստաընկերությունները, իշխանական ու ընդդիմադիր կամ կիսաընդդիմադիր կոչված տպագիր մամուլը և լրատվական կայքերի մեծ մասը, նախանձելի համերաշխությամբ՝ կարծես մեկ կենտրոնից եկած հրահանգով, նույնիսկ լուրի մակարդակով չանդրադարձան այս խնդրին, այն դեպքում, երբ «7 օրը» ոչ թե շարքային, այլ հազարավոր այցելուներ ունեցող ազդեցիկ կայքերից է ու այդ մասին իշխանությունները խոստովանել էին իրենց վերահսկողության տակ գտնվող «լևոնական» թերթում թեմայի վերաբերյալ հոդված դնելով։ Սա նշանակում է, որ «համազգային» միասնություն է ձևավորվել «Եղիազար Այնթապցու» և «էջմիածնական միաբանների» միջև։ Շնորհավորում ենք։ Արտաշես Գեղամյանի գործի շարունակողները, փաստորեն, կան և Մամիկոնիչը կարող է հանգիստ լինել։

Այս խորագրի վերջին նյութերը