Կարծիք

18.03.2015 22:10


Առերեսվի՛ր կռանթի ջրին

Առերեսվի՛ր կռանթի ջրին

Հայոց ղեկավարությունը գնում է Մինսկ, այնտեղ կարդում են Ալիեւի նամակ-պահանջագիրը, որ Հայաստանը ԵՏՄ պետք է մտնի առանց Արցախի: Հայոց ղեկավարությունը ձեռքերը վեր է պարզում, ասում է՝ հա, քո ասածն է, այդպես կանենք:

Հայոց շոու-բիզը գնում է «Եվրատեսիլ», այնտեղ ազերիների ու թուրքերի բողոքն են ցույց տալիս, ու ասում են՝ պետք է վռազ փոխեք երգի խորագիրը:
Հանրային հեռուստաընկերությունն էլ մի լավ հեծկլտալուց հետո, արցունքները սրբելով, վռազ հայտարարություն է տարածում՝ բոլորիս տեղեկացնելով, թե «Եվրատեսիլ» մրցույթը սրբության սրբոց է, այն քաղաքականացված մրցույթ չէ. ի՞նչ կլինի՝ այլեւս նման բան չասեք: Սա այն դեպքում, երբ ողջ աշխարհը գիտի, որ այդ մրցույթը հստակ քաղաքականացված մրցույթ է:
Ինչեւէ, Հանրայինը հեծկլտոցով վազում է Վիեննա ու ծնկի է գալիս «Եվրատեսիլի» կազմակերպիչների առաջ ու աղաչում ներել իրեն, որ Հայաստանի երգի անունը սխալ են ընտրել:

-Դե, մի քիչ խմած ենք եղել հայոց դարդերի թեմայով, շփոթվել ու նայել ենք Արարատ լեռանը, հետո ընկել ենք պահանջատիրական զեղումների գիրկը ու մեր երգի անունը դրել ենք «Մի՛ ժխտիր»,-լաց լինելով բացատրել է Հանրայինը:

«Եվրատեսիլի» կազմակերպիչները մեր պատվիրակության ականջները քաշել են, մի հատ էլ բամփել են գլխին ու ասել են՝ էդ ի՞նչ տոնով եք խոսում, ո՞նց թե «Մի՛ ժխտիր»։ Հենց հիմա շո՛ւտ արեք, ձեր երգի անունը փոխե՛ք ու դրե՛ք սա՝ «Առերեսվի՛ր ստվերին»:

Մերոնք էլ ծնկած տեղից վեր են կացել, խոր շունչ են քաշել ու ասել են՝ հա, բա ոնց, հենց էդ էլ կդնենք, շատ լավ անուն եք ընտրել. դա սիրո, խաղաղության, միասնության գաղափարն է խորհրդանշում:
Պատկերացրեք՝ էդ տխմար, ապուշ, անմիտ ձեւակերպումից՝ «Առերեվի՛ր ստվերին», այդպիսի «գաղափար» են մզզել: Մարազմատիկ մտքից սիրո, չգիտեմ՝ ինչերի գաղափար...
Էսքան վախկոտ, թուլամորթ ու անատամ ենք, էլի...
Դե, էլ ի՞նչ մնաց...Մնաց հանքային ջրի կամ կռանթի ջրի շշերի վրա 1915-ի թվանշանով ու Եղեռնի հուշահամալիրի պատկերով պիտակներ կպցնենք ու ներսում ծախենք...
Հա, մեկ էլ ապրիլի 24-ի օրը երեւանյան հյուրանոցների համարների գինը տասնապատիկ բարձրացնենք...
Սրանք անելու համար թուրքերն ու ազերիները մեզ չեն խանգարում...

Կիմա Եղիազարյան

https://www.facebook.com/kima.yeghiazaryan/posts/800016390086844

Այս խորագրի վերջին նյութերը