Լրահոս

18.03.2015 17:46


Է. Նալբանդյան. «Բանակցությունները կսկսվեն, երբ ԵՄ–ն համապատասխան մանդատ տա իր թիմին»

Է. Նալբանդյան. «Բանակցությունները կսկսվեն, երբ ԵՄ–ն համապատասխան մանդատ տա իր թիմին»

–Ակնհայտ է, որ Թուրքիան մշտապես խնդիրներ է ստեղծել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման համար՝ մի կողմից միանշանակորեն պաշտպանելով, աջակցելով Ադրբեջանի ապակառուցողական մոտեցմանը, մյուս կողմից փորձելով խցկվել, միջամտել միջազգային մանդատ ունեցող եռանախագահների ջանքերին,–հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատարի հետ համատեղ մամլո ասուլիսին.

–Այնպես որ, կկրկնեի այն, ինչ ասվել է ոչ միայն մեր կողմից՝ եթե Թուրքիան իսկապես ցանկանում է օգնել հիմնախնդրի կարգավորմանը, ապա պետք է ինչքան հնարավոր է հեռու մնա այդ գործընթացից:

Նա նաև նշել է, որ պետք է զերծ մնալ որևէ քայլից, որը կարող է վնասել եռանախագահների ջանքերին` ուղղված հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:

Պետք է զերծ մնալ նոր զուգահեռ կառույցներ, ձևաչափեր, կամ աշխատանքային խմբեր ստեղծելուց, որոնց աշխատանքը կարող է վնաս հասցնել եռանախագահների գործունեությանը: Պետք է զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք ընդհանրապես կարող են վնաս հասցնել բանակցային խաղաղ կարգավորմանը: Եռանախագահները նույն մոտեցումն ունեն, որի մասին բազմիցս արտահայտվել են: Սա հատկապես վերաբերում է այն կարգի զեկուցողներին, ում նկատմամբ կողմերից մեկը, տվյալ պարագայում` Ադրբեջանը, ամենաբարձր մակարդակով անվերջ շնորհակալություն է հայտնում այդ զեկուցողին՝ Ադրբեջանի դիրքորոշմանը շարունակական աջակցության համար: Այստեղ հարց է ծագում կողմնակալ կամ անկողմնակալ մոտեցումների մասին,–ասել է Է. Նալբանդյանը:

Նա չի կարծում` այդպիսի քայլերը կարող են օգտակար լինել.

–Պետք է շատ զգույշ լինել, որ այս շատ նուրբ գործընթացում վնաս չհասցնել, որովհետև եռանախագահներն անում են հնարավորինը, որպեսզի հիմնախնդիրն ունենա բացառապես խաղաղ հանգուցալուծում:

Ինչ վերաբերում է Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը, ՀՀ արտգործնախարարը նշել է, որ հանձնակատար Հանի հետ այսօր գոհունակությամբ նշել են խորհրդատվությունները, որոնք անցկացվել են Հայաստանի և Եվրամիության միջև։

–Դրանք նախանշելու են այն իրավական հիմքը, որը ապագայում պետք է ձևակերպվի բանակցությունների արդյունքում։ Իսկ բանակցությունները կսկսվեն, երբ Եվրոպական միությունը համապատասխան մանդատ տա իր թիմին՝ այդ բանակցությունները վարելու համար։ Կարծում եմ` արդեն կան նախադրյալները, որ շուտով այդպիսի մանդատ կտրվի։ Բանակցությունների արդյունքում մենք կմշակենք այն փաստաթուղթը, որը մեր՝ Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունների նոր իրավական հիմքը կհանդիսանա։ Դրա մասին ասվել էր նաև Վիլնյուսի գագաթաժողովի ՀՀ - ԵՄ համատեղ հայտարարության մեջ, որով երկու կողմերը հանձնառություն էին վերցրել` շարունակել փոխգործակցությունը բոլոր հնարավոր ոլորտներում, ուղղություններով և ձևաչափերում՝ նկատի ունենալով այն հանձնառությունները, որ Հայաստանն ունի այլ ինտեգրացիոն գործընթացներում և ձևաչափերում,–ասել է Է. Նալբանդյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը