Քաղաքական

17.03.2015 17:06


Ով է մեղավոր և ինչ անել

Ով է մեղավոր և ինչ անել

«Zham.am»-ի մասին

Այսօր՝ մարտի 17-ին, լրանում է «Zham.am»–ի գործունեության 4-րդ տարին: Եվ պետք է հպարտությամբ նշեմ, որ այս տարիների ընթացքում մեր լրատվամիջոցը ձեռք բերեց քաղաքական ձեռագիր, հստակ քաղաքական դիմագիծ, և որի գլխավոր նպատակն էր նպաստել Հայաստանում իրավամբ ազգային դեմոկրատական փոփոխությունների կայացմանը, որի հիմքում պետք է դրված լիներ բիզնեսի տարանջատումը քաղաքականությունից, էֆեկտիվ քաղաքական կառավարման համակարգի կայացումը, քաղաքացիական հասարակության հաստատումը: Շատերը մեզ անվանում էին ԲՀԿ-ին մոտ կանգնած լրատվամիջոց: Ըստ էության, մենք երբեք չենք թաքցրել, որ ունեցել ենք քաղաքական գործընկեր՝ ի դեմս ԲՀԿ-ի և Գագիկ Ծառուկյանի: Սակայն մեր համագործակցությունն ինքնանպատակ բնույթ չի կրել: Մեր ընդհանուր հայտարարը «նոր Հայաստան» ստեղծելու գաղափարն էր, որտեղ սեփականության ինստիտուտը անձեռնմխելի կլիներ իշխանության ոտնձգություններից, իսկ իշխանությունն էլ չէր համարվի միջոց սկզբնական կապիտալի կուտակման կամ եղած կապիտալի ավելացման համար:
Պետք է նշել, որ այս 4 տարիների ընթացքում մեր գործընկերային հարաբերությունները կրել են արժանապատիվ և անկեղծ բնույթ: Եվ մենք հպարտանում ենք դրանով, քանզի կարողացանք մեր համեստ լուման դնել համաժողովրդական շարժման կայացման մեջ:
Մեր ընթերցողները նկատած կլինեն, որ վերջին 3 շաբաթվա ընթացքում «Zham.am»–ն իրեն ոչ բնորոշ պասիվ դիտորդի կարգավիճակ է որդեգրել, ինչը շատերը պայմանավորում էին վերջին զարգացումների հետ: Իսկ որոշ լրատվամիջոցներ էլ տարատեսակ բամբասանքներ էին տարածում, թե, իբր, մեր լրատվամիջոցը փակվելու է: Մենք չենք մեղադրում նրանց, քանզի գործընկերային փոխհարաբերություններն ու «տերն ու ծառա» հարաբերությունների էական տարբերությունը Հայաստանում շատերը չեն հասկանում, սակայն նրանք դրա համար մեղավոր չեն: Սա մտածողության և ինքնատիպության խնդիր է: Իսկ մեր ներկայիս պասիվությունը իրականում պայմանավորված է շատ պարզ հանգամանքով. հայտնի զարգացումներից հետո Հայաստանի քաղաքական դաշտը ջախջախվեց: Եվ ներկա դրությամբ խոսել և վերլուծել մի բանի մասին, որը դե ֆակտո գոյություն չունի, ազնիվ չի լինի առաջին հերթին մեր ընթերցողի հանդեպ: Իսկ մենք տարատեսակ բամբասանքներով և էկլեկտիկ տեսակետներով երբեք հանդես չենք եկել: Այլ խնդիր է, թե ինչու այսպես ստացվեց, ինչո՞ւ համաժողովրդական շարժումը, որը կոնսոլիդացրել էր իր շուրջ հանրության և քաղաքական վերնախավի մեծ մասին, չհասավ հաջողության: Սրանք այն խնդիրներն են, որոնց մասին արժե լրջորեն վերլուծել, և մենք դա անպայման կանենք, սակայն առժամանակ ձեռնպահ կմնանք դրանից, քանզի ամեն ինչ ճիշտ է անել կոնկրետ ժամանակի և կոնկրետ պահի թելադրանքով:

Գագիկ Ծառուկյանի և մեր գործընկերային հարաբերությունների մասին

Այս 4 տարիների ընթացքում շատ «դասական» քաղաքական գործիչներ մեղադրում էին Ծառուկյանին ամեն ինչի մեջ. որ նա, իբր, «խաղ է խաղում իշխանության հետ», որ նա ուզում է «կոալիցիայի մեջ մտնել» իշխանության հետ, որ «օլիգարխը չի կարող ընդդիմադիր լինել» և այլն, և այլն… Իսկ ամենամեծ «մեղադրանքն» այն էր, որ, իբր, Ծառուկյանը, չլինելով դասական տիպի քաղաքական գործիչ, բայց մտնելով քաղաքական դաշտ՝ «փչացրեց» այն: Իսկ իրականությունն այն էր, որ քաղաքական դաշտ վարչական մեթոդներով չեն մտնում: Իսկ Ծառուկյանին քաղաքական դաշտում հասարակությունն ընդունեց, որովհետև մինչ այդ Հայաստանի «դասական» կոչված քաղաքական գործիչների մեծ մասն արդեն հասցրել էր ինքնափչանալ:
Սա՛ էր իրականությունը:
Ըստ էության, վերջին 2–3 տարվա ընթացքում ճիշտ և գրագետ գործողությունների արդյունքում Ծառուկյանին հաջողվեց ձևավորել իշխանությանն իրապես հակակշռող բևեռ: Նա իր շուրջը կարողացավ համախմբել Հայաստանի ազդեցիկ գրեթե բոլոր դեմքերին և շրջանակներին: Ծառուկյանին աջակցում էր հասարակության ճնշող մեծամասնությունը: Նա դարձել էր Հայաստանի ամենավարկանշային գործիչը:
Այս ամենը պայմանավորված էր ոչ միայն հմուտ քաղաքական տեխնոլոգիաների կիրառմամբ, այլև նրանով, որ չլինելով դասական իմաստով քաղաքական գործիչ՝ Ծառուկյանն իր տեսակով բարի հայ մարդ է, ով ազնիվ է իր փոխհարաբերություններում և՛ գործընկերների, և՛ հասարակության առաջ, և՛ իշխանությունների նկատմամբ: Նա չէր փնովում և չէր վիրավորում իշխանություններին կամ քաղաքական դաշտի մյուս գործիչներին՝ ի տարբերություն վերջիններիս: Նա հայտարարում էր, որ Հայաստանում ինքը թշնամի չունի, և լինելով տաղանդավոր գործիչ բիզնեսի ոլորտում՝ նա միաժամանակ նաև սոցիալական պատասխանատվություն էր զգում հասարակության առջև: Իսկ իր մարդկային տեսակով նա համախմբող էր, այլ ոչ թե հակառակը: Նա հրաժարվեց բարվոք կյանքից և ընտրեց դժվարին ճանապարհ, և նրա անկեղծությանը հավատացին ժողովուրդն ու քաղաքական դաշտի մեծ մասը: Նա խոստանում էր և անկեղծորեն հավատում էր, որ Հայաստանում հնարավոր է անցնցում և անարյուն հեղափոխություն: Այլ է, որ այդ խնդրի լուծման համար անհրաժեշտ էին ամբողջական գործիքակազմ և ճշգրիտ մաթեմատիկական հաշվարկներ: Շատերը նրան մեղադրում էին, որ նա մերժում է ռադիկալ գործողությունները, և որ առանց ցնցումների և արյան՝ Հայաստանում իշխանափոխությունը հնարավոր չէ: Այս փիլիսոփա-քաղաքական թեզը վիճարկելի է և անհրաժեշտ է մանրակրկիտ վերլուծության: Ակնհայտ է նաև, որ Հայաստանի նման ռազմականացված երկրում, որտեղ առկա է նաև չլուծված ղարաբաղյան խնդիրը, արյունով և մեծ ցնցումներով իշխանափոխությունը հղի է լուրջ բացասական հետևանքներով: Վկան՝ ներկայիս ուկրաինական փորձը։ Այլ խնդիր է նաև, որ ներկայիս Հայաստանում միմիայն ընտրություններում քվեատուփի մեջ թուղթ գցելով նույնպես հնարավոր չէ իշխանափոխություն իրականացնել: Եվ այստեղ է, որ առաջ է գալիս հետևյալ հարցադրումը՝ ինչպե՞ս անել, որ հնարավոր լինի «ներքևից» իշխանափոխություն՝ առանց արյան և ցնցումների: Այս հարցի պատասխանն է, որ Ծառուկյանը չունեցավ: Սակայն նույն այդ պատասխանը չունեին նրանք, ովքեր փորձում էին իշխանափոխությունն իրականացնել 1996-ին, 2003-ին, 2008-ին, 2013-ին:
Ծառուկյանի համար մարդկային արյունն ու մեծ ցնցումները մերժելի էին ցանկացած պարագայում: Կարելի է, իհարկե, ընդունել կամ չընդունել նրա այդ տեսակետը, սակայն դրա համար նրան մեղադրել չի կարելի, քանի որ այդպիսին են այդ մարդու պատկերացումները. այստեղ մեղադրել ոչ մեկին չի կարելի: Մինչև վերջ նրա կողքին մնացին «Բարգավաճի» քաղաքական թիմը, աջակցող ուժերն ու գործիչները: Իսկ թե ինչու այս ամենն այդպիսի ավարտ ունեցավ, կարծում ենք, որ պետք է լուրջ վերլուծության ենթարկվի, և դաս լինի ապագա գործիչների համար:

Ի՞նչ անել

Այսօր ամենատարածված հարցադրումը սա է, քանզի բոլորն ականատես եղան, թե ինչպես Գագիկ Ծառուկյանի՝ ակտիվ քաղաքականությունից դուրս գալուց հետո երկրի քաղաքական դաշտը մի քանի օրվա ընթացքում փլուզվեց: Սակայն հուսահատվել պետք չէ, քանզի Հայաստանում նման վիճակներ եղել են: Օրինակ՝ 1995 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո, երբ շատերին թվում էր, թե քաղաքական դաշտն անապատ է դարձել, ընդամենը մեկ տարի անց՝ 1996 թվականի նախագահական ընտրություններին, կատարվեց իսկական քաղաքական «երկրաշարժ», նույնը կրկնվեց 2007 թվականին, երբ նույն տարվա խորհրդարանական ընտրություններից հետո շատերին թվում էր, թե քաղաքական պրոցեսները կանգ են առել, սակայն ընդամենը մեկ տարի անց՝ 2008-ին, Հայաստանում ի հայտ եկավ նոր քաղաքական «երկրաշարժ»՝ նախագահական ընտրությունների ժամանակ: Եվ սա հասկանալի է, քանզի բնական ռեսուրսներով աղքատ Հայաստանում երկարատև բռնատիրական ռեժիմ հաստատել հնարավոր չէ: Ինձ համար գոնե տեսանելի է նաև այն, թե երբ և ինչպես է ակտիվանալու քաղաքական կյանքը Հայաստանում: Պարտություններից հոգնած հասարակությունը ուզում է վերջապես տեսնել «հաղթանակ»: Սակայն դրա համար անհրաժեշտ են ճշգրիտ մաթեմատիկական հաշվարկներ, քանզի այլևս առանց դրանց ոչ միայն ճիշտ չի լինի, այլև ազնիվ չի լինի հանդես գալ հասարակության առջև: Կրկնենք՝ Հայաստանին իրավամբ անհրաժեշտ է ձևավորել նոր որակի իշխանություն, իսկ թե ինչպես, այսօր փակագծերը չենք բացի և դրա մասին կխոսենք առժամանակ անց:

Երվանդ Բոզոյան

Աղբյուրը՝ http://www.zham.am/news/45047.html

Այս խորագրի վերջին նյութերը