Կարծիք

17.03.2015 13:38


Չե՛ք անցկացնի. «ՀՀ սահմանադրությունը կանգնած է մեծ վտանգի առաջ»

Չե՛ք անցկացնի. «ՀՀ սահմանադրությունը կանգնած է մեծ վտանգի առաջ»

Հայտարարություն

Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը կանգնած է մեծ վտանգի առաջ: Սերժ Սարգսյանը, քաղաքական հակառակորդների նկատմամբ ահաբեկչական մեթոդներ կիրառելով հաշվեհարդար տեսնելուց հետո, վերստին ձեռնամուխ է եղել Սահմանադրության՝ մի քանի անգամ հարկադրաբար հետաձգված, վտանգավոր և հակապետական փոփոխության իրականացմանը:

«Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնությունը վերահաստատում է իր մտահոգությունն առ այն, որ սահմանադրական փոփոխությունների իրականացման միակ նպատակը Սերժ Սարգսյանի անձնական իշխանության վերարտադրությունն է, որը որևէ աղերս չունի իշխանական քարոզչամեքենայի կողմից ներկայացվող պետականության հիմնադրույթների՝ կառավարման համակարգերի կամ մարդու իրավունքների ընդլայնման հիմնահարցերի հետ։

«Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնությունը մտահոգություն է հայտնում, որ Սերժ Սարգսյանի հավանությանն արժանացած հայեցակարգով, նախատեսում են ոչ թե խորհրդարանական կառավարման համակարգ, այլ մեկ անձի հավերժական իշխանության հաստատում երկրում, որի հետևանքով Հայաստանը որդեգրելու է հյուսիսկորեական կառավարման մոդելը:

Նախաձեռնությունը վերահաստատում է նաև այն մտահոգությունը, որ սահմանադրական փոփոխությունների «հաջողության» դեպքում հանրությունը կանգնելու է տոտալ բռնաճնշումների, ներկա Սահմանադրությամբ և միջազգային կոնվենցիաներով երաշխավորվող մարդու հիմնարար ազատությունների և իրավունքների համատարած սահմանափակումների, եղած ժողովրդավարական ձեռքբերումները կորցնելու իրական վտանգի առաջ:

«Չեք անցկացնի»-ն ակնկալում է քաղաքական և քաղաքացիական դաշտում գործող բոլոր սուբյեկտների հստակ և աներկբա դիրքորոշումը՝ իրականացվող սահմանադրական փոփոխությունների գործընթացի նկատմամբ, ինչպես նաև կոչ է անում համատեղ ու գործուն քայլեր ձեռնարկել սահմանադրական փոփոխությունների վտանգավոր նախաձեռնության չեզոքացմանն ուղղված։

«Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնությունը պատրաստ է իշխանության վերահսկողությունից դուրս գործող բոլոր հանրային-քաղաքական միավորների հետ ձևավորել համագործակցության միասնական ալյանս և անել հնարավոր ամեն բան կանխելու այս արկածախնդիր և կործանարար նախաձեռնության կյանքի կոչումը:

Չե՛ք անցկացնի/No pasaran–ի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը