Աշխարհ

17.03.2015 10:22


Հայաստանի և Ադրբեջանի նախագահները Կարմիր հրապարակում մասնակցելու են հաղթանակի 70–ամյակին նվիրված շքերթին

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները Կարմիր հրապարակում մասնակցելու են հաղթանակի 70–ամյակին նվիրված շքերթին

30 երկրի ղեկավար արդեն իսկ հաստատել է իր մասնակցությունը մայիսի 9–ին Մոսկվայի Կարմիր հրապարակում նախանշված տոնական շքերթին։

Ինչպես հայտնում է «Известия»–ն, հղում անելով ՌԴ ԱԳՆ աղբյուրին, Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70–ամյակի կապակցությամբ կազմակերպված շքերթին ներկա են լինելու Տաջիկստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Ղրղզստանի, Չինաստանի, Վիետնամի, Հյուսիսային Կորեայի, Նիդեռլանդների, Հունաստանի, Եգիպտոսի և Իսրայելի առաջնորդները։

Առանձին քննարկվում է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի մասնակցության հարցը։ «Известия»–ի զրուցակիցը հայտնել է, որ ֆրանսիական պատվիրակության այցը հաստատված է, բայց առայժմ ոչինչ հստակեցված չէ Օլանդի առումով։

Հիշեցնենք, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հրաժարվել էր մայիսի 9–ին այցելել Մոսկվա։ Միաժամանակ, նա նշել էր, որ պատրաստվում է հաջորդ օրը գնալ և Պուտինի հետ ծաղկեպսակ դնել Անհայտ զինվորի շիրմին։

Գերմանիայի կանցլերի մամուլի խոսնակն ընդգծել էր, որ Մերկելը չի կարող մասնակցել մայիսի 9–ի շքերթին Ղրիմի և Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դիրքորոշման պատճառով։

Մեծ Բրիտանիայի դեսպանատանից ևս «Известия»–ին հայտնել են, որ վարչապետ Քեմերոնը հաղթանակի տոնակատարություններին չի մասնակցի։ Նույնը վերաբերում է նաև Լեհաստանի նախագահին։

Մայիսի 9–ին Մոսկվա է հրավիրվել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ևս, սակայն մինչ այս պահը որևէ պատասխան չկա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը