Կարծիք

16.03.2015 14:53


«Ադրբեջանը չի մասնակցում նիստին՝ այն պարզ պատճառով, որ այն Հայաստանում է ընթանում»

«Ադրբեջանը չի մասնակցում նիստին՝ այն պարզ պատճառով, որ այն Հայաստանում է ընթանում»

Եվրանեսթի՝ Եվրամիության Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստն առաջին անգամ անց է կացվում Հայաստանի Հանրապետությունում: Մարտի 16-18-ն իրենց աշխատանքներն են իրականացնելու վեհաժողովի 4 մշտական հանձնաժողովները` Տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման և ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման, Քաղաքական հարցերի, մարդու իրավունքների և ժողովրդավարության, Սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության, և Էներգետիկ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովները: Հատկանշական է, որ Ադրբեջանը չի մասնակցում նիստին՝ այն պարզ պատճառով, որ այն Հայաստանում է ընթանում: Հավելենք, որ երբ 2012 թվականին նիստը տեղի էր ունենում Բաքվում, հայաստանյան պատվիրակությունը մասնակցեց նիստին և լավագույնս ներկայացրեց Հայաստանի շահերն ու քաղաքական հայացքները: Սա, թերևս, ցույց է տալիս նրանց դիմագիծն ու հակահայկական գործելակերպը, միաժամանակ նաև մեր եվրոպացի գործընկերների մոտ բացահայտում նրանց ոչ քաղաքակիրթ տեսակը: Իսկ այն, որ լիագումար նիստը տեղի է ունենում Հայաստանում, մեզ համար կարևոր իրադարձություն է, քանի որ Եվրանեսթն իրենից ներկայացնում է Եվրոպական տնտեսական և քաղաքական լուրջ կառույց: Դեռևս խորհրդարանի 4-րդ գումարման ժամանակ պատիվ եմ ունեցել Բրուսելում ներկա գտնվել Եվրանեսթի առաջին նիստին, որի հիմնադիր երկրներից է Հայաստանի Հանրապետությունը: Հատկանշական է, որ նման ձևաչափի կառույցներում Եվրանեսթը բացառիկ է, որում Հայաստանը ունի լուրջ դերակատարում: Տարիների ընթացքում այս կառույցը դարձել է տնտեսական, ռազմավարական, քաղաքական և էներգետիկ անվտանգության կարևորագույն հարցեր քննարկելու միջազգային հարթակ: Լիագումար նիստի՝ մեր երկրում տեղի ունենալն առավել ևս հատկանշական է Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, և մենք չպետք է բաց թողնենք այս հնարավորությունը և միջազգային հանրությանը պետք է կրկին ծանոթացնենք Մեծ Եղեռնի պատմությանն ու դրա անպատժելի մնալուն և այդ ամենից բխող վտանգավոր հետևանքներին: Փաստ է, որ մեր երկրի համար սա բացառիկ հնարավորություն է և մենք պարտավոր ենք դրանից օգտվել առավելագույնս արդյունավետ:

Վահե Էնֆիաջյանի ֆեյսբույան էջից

Այս խորագրի վերջին նյութերը