Լրահոս

12.03.2015 17:06


Ջրծաղիկ հիվանդության դեպքեր Արարատի մարզում

Ջրծաղիկ հիվանդության դեպքեր Արարատի մարզում

Լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվությունը, թե Արարատի մարզի Հայանիստ համայնքի դպրոցում կրկին գլուխ է բարձրացրել ջրծաղիկ հիվանդությունը։ Տեղում այսօր իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ 2015թ. հունվարին Հայանիստ համայնքում արձանագրվել է ջրծաղկի 12 դեպք, որից 3-ը՝ 2-5, 3-ը՝ 18-20 տարեկան, իսկ մյուսները` դպրոցահասակ երեխաներ:

Մարտ ամսին համայնքում արձանագրվել է հիվանդության 7 դեպք, որից դպրոցական են 3-ը, այն էլ` տարբեր դասարաններից:

Հիշեցնենք, որ ջրծաղիկը սուր, բարձր վարակելիությամբ օժտված, օդակաթիլային մեխանիզմով փոխանցվող վիրուսային հիվանդություն է, որը տարածված է ամենուր: Մեղմ կլիմայական պայմաններում բնակչության առնվազն 90%-ը ջրծաղիկով հիվանդանում է մինչև 15 տարեկանը, իսկ նրանց առնվազն 95 %-ը` մանկական տարիքում: Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է: Վիրուսը անկայուն է շրջակա միջավայրում, հետևաբար, որպես կանոն, վարակը չի փոխանցվում երրորդ անձի և հիվանդի օգտագործած անձնական իրերի միջոցով: Հիվանդության գաղտնի շրջանը 21 օր է: Ջրծաղիկը սովորաբար թեթև է ընթանում` աննշան ջերմությամբ, չափավոր ախտանշաններով և մաշկի բշտիկավոր ցանավորմամբ: Իրականացվող հակահամաճարակային միջոցառումները հիմնականում ուղղված են դեպքերի տեղայնացմանը և վարակի հետագա տարածման կանխմանը:

Հանրապետությունում մշտապես իրականացվում է ջրծաղիկ հիվանդության շաբաթական մշտադիտարկում, որի արդյունքները վկայում են, որ 2014թ. նույն ժամանակի համեմատ այս տարի դեպքերն ավելի քիչ են։ Համեմատաբար բարձր ցուցանիշների արձանագրման դեպքում ՀՀ առողջապահության նախարարության կողմից ապահովվում է արագ արձագանքում։ Ներկայիս իրավիճակը օրինաչափ է ընթացիկ սեզոնի համար։

ՀՀ ԱՆ

Այս խորագրի վերջին նյութերը