Քաղաքական

10.10.2009 12:08


Վահան Հովհաննիսյան. «Մենք չենք դնելու պարզունակ հրաժարականի խնդիր, մենք դնելու ենք ամբողջական իշխանափոխության խնդիր»

Վահան Հովհաննիսյան. «Մենք չենք դնելու պարզունակ հրաժարականի խնդիր, մենք դնելու ենք ամբողջական իշխանափոխության խնդիր»

Հոկտեմբերի 9-ին, Ծիծեռնակաբերդում հանրահավաքի ժամանակ ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանն իր ելույթը սկսել է շնորհակալական խոսքով, ուղղված Հանրապետության հրապարակում նստացույց անցկացնողներին, հացադուլավորներին, ավտոարշավներ անցկացնողներին, 60-ից ավելի հասարակական կազմակերպություններին, որոնք միավորվել են մեկ հայտարարությամբ «ոչ» ասելու համար,  լրագրողներին, ովքեր  ճիշտ են լուսաբանել այդ «ոչ»-ը, և վերջապես այն 12 կուսակցություններին, որոնք ևս միացել են մեկ հայտարարության շուրջ «ոչ» ասելու համար և  որոնց նոր միացողներ են լինելու։ Վահան Հովհաննիսյանը հատկապես շնորհակալություն է հայտնել սփյուռքի հայրենակիցներից, ովքեր կարողացել են բռունցք ցույց տալ և ոտքի կանգնել, ինչպես նաև Ծիծեռնակաբերդում ներկա հսկայական բազմությանը։

-Լսեցի, որ պաշտոնական մի լրատվամիջոցում արդեն ասել են, որ երթին մասնակցել է 3,5 հազ մարդ։ Հավանաբար հաշվել են միայն ոստիկաններին։ Մենք այս ցույցով ցույց ենք տալիս մեր սփյուռքահայ բարեկամներին, որ Հայաստանը նրանց չի մոռացել, Հայաստանը նրանց չի ծախել և նրանց կողքին է,- ասել է Վահան Հովհաննիսյանը։  

Նա նշել է, որ հրապարակում կանգնած արտասահմանցիներ իրենց ասում են, որ Եվրոպայում մարդիկ տեղյակ չեն, թե ի՞նչ են ուզում ցուցարարները. «Մարդկանց թվում է, որ մենք հավաքվել ենք, որովհետև փակ սահմանը մեզ դուր է գալիս։ Մարդկանց թվում է, թե մենք սահմանների բացմանն ենք դեմ։ Մարդկանց խաբում ու խեղաթյուրում են և ցավոք հենց Հայաստանից են խեղաթյուրում»։

-Մենք դրան չենք դեմ։ Մենք դեմ ենք ստորացուցիչ նախապայմաններին, որոնք այլևս նախապայման չեն դառնում, այլ պայման են դառնում։ Մենք շատ լավ հասկանում ենք, որքան  դժվար է բանակցել թուրքերի հետ, բայց, ցավոք, հայկական կողմը կարգին չի էլ բանակցել։ Հայաստանից բանակցողներն ընտրել են ամենահեշտ ճանապարհը, չեն պայքարել, «ո՛չ» ասելու ուժը, ողնաշարը չեն ունեցել։ Միգուցե որովհետև չեն իմացել, որ մենք այսպես ոտքի կկանգնենք։ Հիմա գիտեն, ուրեմն պետք է չստորագրեն, որովհետև հենց այս բազմությամբ պատրաստ ենք գնալ յուրաքանչյուր Ազգային ժողովի պատգամավորի դուռը, պահանջելու, որ չմոռանա, որ հայ է, որ չմոռանա, որ ժողովրդի կողմից է ընտրված, կամ մասամբ ընտրված շատերը։ Սակայն, նրանք չպետք է մոռանան, որ ընտրված կամ ոչ, մեր առջև, Ձեր առջև պատասխանատու են և պատասխանատու են լինելու։ Պետք է այդ պատասխանատվության ողջ ծանրությունը հասկանան։ Յուրաքանչյուր պատգամավոր, յուրաքանչյուր պետական այր պետք է իմանա, որ այսօր սեղանի վրա դրված է հայ ժողովրդի, հայության և Հայաստանի Հանրապետության ճակատագիրը,- ընդգծել է Վահան Հովհաննիսյանը։  

Նա նշել է, որ «հանրահավաքին ներկա կուսակցությունների ներկայացուցիչները տարբեր գաղափարախոսության կրող են, տարբեր մոտեցումներ ունեն, շատ հաճախ վիճել են իրար հետ, հաճախ հակառակորդ են եղել, սակայն կա մի հարց՝ ազգային հարցը, որտեղ հակառակորդ չկա»։

Վահան Հովհաննիսյանը նաև նշել է, որ քանի դեռ իրենց նպատակը այս արձանագրություններից, նրանց ահավոր տնտեսական, բարոյահոգեբանական, քաղաքական հետևանքներից փրկելն է, իրենք կգնան ցանկացած միջոցով դրան հասնելու.

-Մենք խաղաղ ցույցեր ենք անում, մենք սահմանադրության սահմանների մեջ ենք, մենք քաղաքակիրթ կերպով արտահայտում ենք մեր ցասումն ու բողոքը։ Մեզ համար իշխանափոխությունը նպատակ չէ, մեզ համար իշխանափոխությունը կարող է դառնալ միջոց մեր հիմնական խնդիրը լուծելու և եթե մեզ հասցրեցին այդ միջոցը կիրառելուն, մենք այդ միջոցը կկիրառենք։ Նախագահի հրաժարականը պահանջողները լևոնափոխության կողմնակիցներ են։ Նրանք, ովքեր պահանջում են նախագահի հրաժարականը, ցանկանում են, որ փոխվի նախագահը և ամբողջ այդ ապարատը, ամբողջ այսօրվա գործող Ազգային ժողովը  նորից առնետավազքով վերադառնա այդ նախագահին։ Համակարգը փոխել նրանք չեն ուզում։ Նրանք ուզում են փոխել միայն նախագահին, իսկ մենք ուզում ենք փոխել ամբողջ համակարգը, Կառավարությունով, Ազգային ժողովով և նախագահով, և եթե մեր ժղովրդի ձայնը չլսվեց, մենք չենք դնելու պարզունակ հրաժարականի խնդիր, մենք դնելու ենք ամբողջական իշխանափոխության խնդիր և միասին այս ուժով մենք ընդունակ ենք լուծելու այդ խնդրը ամենախաղաղ, քաղաքակիրթ և սահմանադրական ճանապարհով։

Արփի Բեգլարյան

 

Այս խորագրի վերջին նյութերը