Աշխարհ

10.03.2015 12:07


Նոր Զելանդիայում սպառնում են թունավորել կաթնային խառնուրդները

Նոր Զելանդիայում սպառնում են թունավորել կաթնային խառնուրդները

«Վեստի»–ի փոխանցմամբ՝ Նոր Զելանդիայի ոստիկանությունն այսօր դիմել է երկրի բնակչությանը՝ խնդրելով օգնություն ցուցաբերել վտանգավոր հանցագործին գտնելու համար, որը սպառնում է թունավորել երկրում արտադրվող կաթնային խառնուրդները, եթե գյուղատնտեսները չհրաժարվեն իբրև թունաքիմիկատ նատրիումի ֆտորացետատ օգտագործելուց։ Այս միացությունը Նոր Զելանդիայում հայտնի է «Թույն 1080» անվամբ։

Անանուն նամակները նախորդ տարվա նոյեմբերից ստանում է նորզելանդական «Ֆոնտերրա» ընկերությունը, որն աշխարհում կաթնամթերք արտադրող և արտահանող ամենախոշոր ընկերությունն է, ինչպես նաև՝ գյուղատնտեսների դաշնային պրոֆմիությունը։

Նամակներում պահանջում են դադարեցնել «Թույն 1080»–ի գործածությունը մինչև ընթացիկ տարվա մարտ ամսվա վերջ. հակառակ դեպքում հանցագործը դրանով կթունավորի մանկական կաթնային խառնուրդները։

Նամակներին կցվում են նաև կաթնային փոշու նմուշներ՝ թունավորված նատրիումի ֆտորացետատով։

Նոր Զելանդիայի վարչապետ Ջոն Քին կատարվածը որակել է «տնտեսական ահաբեկչություն»՝ շեշտելով, որ իշխանությունները գործի են դնում բոլոր միջոցները՝ նորզելանդական սննդամթերքն անվտանգ պահելու համար։ Վարչապետը հավելել է, որ թեև սպառնալիքի իրականացման հավանականությունը մեծ չէ, բայց ելնելով դրա բնույթից՝ ոստիկանությունը և կառավարությունը խնդրին ամենայն լրջությամբ են մոտենում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը