Աշխարհ

10.03.2015 09:53


Պուտինը բացատրել է՝ ինչու է Ղրիմը վերադարձրել ՌԴ կազմ

Պուտինը բացատրել է՝ ինչու է Ղրիմը վերադարձրել ՌԴ կազմ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որոշել է Ղրիմն ընդգրկել իր երկրի կազմ, քանի որ չէր կարող թերակղզու բնակիչներին թողնել ազգայնականների վերահսկողության տակ։ «ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է հարցազրույցում՝ «Ճանապարհ դեպի հայրենիք» հեռուստաֆիլմի համար։

«Փետրվարի 22–ի՝ լույս 23–ի գիշերն էր։ Գործընկերներիս հետ բաժանումից առաջ ես ասացի՝ իրավիճակն Ուկրաինայում այնպես է շրջվել, որ մենք ստիպվա՛ծ ենք սկսել Ղրիմը Ռուսաստանին վերադարձնելու գործընթացը։ Մենք չենք կարող լքել այդ տարածքն ու մարդկանց, որոնք ճակատագրի քմահաճույքի գերին են՝ ազգայնականների վերահսկողության տակ»։

Պուտինի խոսքերով՝ ինքն այդ ժամանակ էլ արդեն որոշակի առաջադրանքներ է տվել՝ ինչ և ինչպես անել՝ առանձնահատուկ ընդգծելով, որ այդ քայլին կգնան միայն այն դեպքում, երբ վստահ լինեն՝ այդպես են ցանկանում Ղրիմի բնակիչները։

Պուտինը նշել է, որ Մայդանի դեպքերից անմիջապես հետո Ղրիմում անցկացված առաջին իսկ փակ հարցման արդյունքներից պարզ է դարձել, որ թերակղզու բնակչության երեք քառորդը՝ մոտ 75 տոկոսը, ցանկանում է միավորվել ՌԴ հետ, որն էլ կանխորոշել է իր հետագա անելիքները։

ՌԴ առաջնորդը շեշտել է՝ երբեք չի ցանկացել բռնանվաճել Ղրիմը.

«Եթե թերակղզու բնակիչները ցանկանային մնալ Ուկրաինայի կազմում, այդպես էլ կլիներ, բայց երբ հակառակը եղավ, չէինք կարող նրանց լքել։ Հանրաքվեի արդյունքները գիտենք. մենք գործեցինք այնպես, ինչպես պարտավոր էինք գործել»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը