Հարցազրույց

06.03.2015 11:56


Վահե Հովհաննիսյան. «Չեմ ներգրավվելու կուսակցական, ներքաղաքական որևէ գործընթացի»

Վահե Հովհաննիսյան. «Չեմ ներգրավվելու կուսակցական, ներքաղաքական որևէ գործընթացի»

«168.am»–ի հարցազրույցը ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Հովհաննիսյանի հետ
-Պարո՛ն Հովհաննիսյան, Ձեզ համար անակնկա՞լ էր Գագիկ Ծառուկյանի` ակտիվ քաղաքականությունից դուրս գալու հայտարարությունը, որ նա արեց համագումարին:

–Իհա՛րկե, ոչ: Բայց դրա մասին, կարծում եմ, ճիշտ էր խոսել միայն իր հրապարակային հայտարարությունից հետո: Համենայնդեպս, դա էր պահանջում մարդկային և քաղաքական էթիկան: Ես կուզեի, որ մենք հարգեինք Ծառուկյանի անձնական որոշումը, չփնտրեինք ենթատեքստեր: ԲՀԿ քաղաքական թիմն այս տարիների ընթացքում ուներ խնդիր, այդ թվում՝ դրված Ծառուկյանի կողմից, քաղաքական հարթությունում փորձել գտնել հարցերի լուծումները, իրականացնել գրագետ օրենսդրական, հասարակական գործունեություն և իր կշռադատված ծրագրային քայլերով ու քաղաքական գործունեությամբ բարձրացնել կուսակցության և անձամբ Ծառուկյանի ժողովրդականությունն ու վարկանիշը: Մեր թիմը դա կատարեց պարզապես փայլուն` մնալով բացառապես քաղաքական քայլերի ու մարդկային պարկեշտության շրջանակներում: Բացառիկ մի բան կատարվեց Հայաստանում, որը շատերն են ֆիքսել. մեր թիմն ապացուցեց, որ կարելի է առանց թշնամանքի, առանց արյան ու վրեժի կոչերի, առանց նախորդներին ու ներկաներին վարկաբեկելու՝ մարդկանց տրամադրել սոցիալական, քաղաքացիական պայքարի` պարզապես լինելով նրանց կողքին, նրանց հետ փնտրելով ու վեր հանելով սոցիալական իրական խնդիրները, գտնելով լուծման ուղիներ, գնալով կառուցողական բանավեճի ճանապարհով: Կարելի է անուն առ անուն թվարկել բոլորին, ովքեր այս տարիների ընթացքում կատարեցին թե՛ օրենսդրական մեծածավալ, գրագետ ու սրտացավ աշխատանք, ինչպես, օրինակ, Միքայել Մելքումյանը, թե՛ իրավական, իրավապաշտպան կարևոր գործունեություն, ինչպես Էլինար Վարդանյանը: Թե՛ երկրի ներսում, թե՛ միջազգային ամենատարբեր կառույցներում Հայաստանի համար կարևորագույն աշխատանք կատարեց Նաիրա Զոհրաբյանը, որն իրավամբ վաստակեց իր ժողովրդականությունն ու հանրային վստահությունը: Իրենց հավասարակշիռ ու պարկեշտ գործունեությամբ ուղղակի օրինակ ծառայեցին շատերի համար Ստեփան Մարգարյանը, Վարդան Օսկանյանը, Վահան Բաբայանը, Վահե Էնֆիաջյանը, Տիգրան Ուրիխանյանը: Սկզբունքայնությամբ ու դժվար պահին թիկունք տալու, անկեղծ ու հաստատակամ հատկանիշներով առանձնացան Ռուբեն Գևորգյանը,Վահան Կարապետյանը, Հայկ Խաչատրյանը և այլք: Շատ-շատերին կարող եմ թվարկել: Եվ ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ վարկանիշի գագաթնակետին Ծառուկյանը կարող է մեկ օրում որոշել հեռանալ քաղաքականությունից, ընդ որում` առանց պարտվելու: Այս պայմաններում մեզ իսկապես մնում է միայն ի գիտություն ընդունել, հարգել նրա անձնական որոշումը: Գագիկ Ծառուկյանը՝ որպես անհատ, մեծ վաստակ ունի մեր երկրի և մեր ժողովրդի հանդեպ, և կարծում եմ՝ դեռ կունենա հսկայական անելիք քաղաքականությունից դուրս այլ բնագավառներում:

-ԲՀԿ-ին հեշտ օրեր չեն սպասվում. կկարողանա՞ արդյոք կուսակցության նորընտիր նախագահը կասեցնել անխուսափելի թվացող պառակտումը, կազմաքանդումը:

–Ինչպես գիտեք, ես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ չեմ և կոռեկտ չեմ համարում վերլուծություններ և կանխատեսումներ անելը: Բայց ասեմ հետևյալը` Նաիրա Զոհրաբյանը տվյալ պահին ամենաբարձր ժողովրդականություն ունեցող ԲՀԿ-ականն է ու վայելում է թիմի մեծամասնության աջակցությունը: Այն, որ նրան դժվար ու ծանր աշխատանք է սպասվում, ընդ որում` դժվար կանխատեսելի ելքով, կարծում եմ` պարզ է: Թերևս այս պահին միայն նա կարող է արժանապատիվ ղեկավարել կուսակցությունը: Այն, որ ես իրեն ցանկացած պահի պատրաստ եմ օգնել, միանշանակ է, բայց` միայն որպես ընկեր ու անկուսակցական պատգամավոր: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա այնտեղ կան փայլուն մարդիկ, իսկապես հայրենասեր ու կրթված անհատներ: Եվ շատ ափսոս կլինի, որ այդ մարդիկ դուրս մնան պրոցեսներից, գուցե նաև` պետական կառավարման համակարգից: ԲՀԿ-ն ինձ համար միշտ կմնա շատ հարազատ կառույց` գոնե այնքանով, որ ես այնտեղ ունեմ շատ ընկերներ ու հարազատ մարդիկ:

-Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր հետագա գործունեությունը:

–Ակնհայտ է, որ մենք առերեսվում ենք քաղաքական մտքի և քաղաքական պրոցեսների անապատացման փուլի հետ: Այս պայմաններում ես կայացրել եմ իմ անձնական որոշումը. կուսակցական, ներկուսակցական, միջկուսակցական, ներքաղաքական հարաբերություններում ես չկամ: Տեսանելի ապագայում ես չեմ ներգրավվելու ներքաղաքական որևէ ձևաչափի կամ գործընթացի: Ես սա ասում եմ ամենայն լրջությամբ ու անկեղծությամբ: Ես դուրս եմ եկել նաև ԵԽԽՎ պատվիրակության կազմից` իմ տեղը զիջելով ԲՀԿ-ական իմ գործընկերներից մեկին: Ես կշարունակեմ իմ աշխատանքն ԱԺ-ում` փորձելով բացառապես օրենսդրական գործունեությամբ օգտակար լինել իմ երկրին: Եթե ԱԺ-ում աշխատանքային ծանրաբեռնվածությունը փոքր եղավ, չեմ բացառում, որ կզբաղվեմ օրենքով պատգամավորին թույլատրվող այլ գործունեությամբ նույնպես: Ի դեպ, ասեմ, որ Ծառուկյանի հետ մենք ունենք երկու պայմանավորվածություն` պահպանել մեր ջերմ, մարդկային հարաբերությունները և երբեք չխոսել քաղաքականությունից: Կարծում եմ` հարմար առիթի դեպքում նա նույնպես կհաստատի ասվածը:

Մանրամասները՝ «168.am»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը