Քաղաքական

05.03.2015 22:50


ԲՀԿ նորընտիր նախագահի պարզաբանումը

ԲՀԿ նորընտիր նախագահի պարզաբանումը
ԲՀԿ համագումարից հետո որոշ լրատվամիջոցներ իրականությանը չհամապատասխանող տեղեկություն են տարածել, թե, իբր, ԲՀԿ նորընտիր նախագահ Նաիրա Զոհրաբյանն ասել է, թե կուսակցությունում առաջիկայում պետք է ստեղծվի նոր ղեկավար պաշտոն՝ կուսակցության քաղխորհրդի նախագահի պաշոնը:

Ավելին, այս տեղեկությանն ինտրիգ հաղորդելու համար նշվում է, թե, իբր, այդ պաշտոնը ստեղծվելու է հատուկ Աբրահամ Մանուկյանի համար:

«Top-News.am»–ի հետ զրույցում ԲՀԿ նորընտիր նախագահ Նաիրա Զոհրաբյանը ցավով նշեց, որ որոշ լրատվամիջոցներ, կամա թե ակամա, նենգափոխում են փաստերը: Նա շեշտեց, որ ԲՀԿ կանոնադրության 8.5 կետի համաձայն՝ վաղուց արդեն գոյություն ունի ԲՀԿ քաղաքական խորհրդի նախագահի պաշտոնը, որը մինչ այժմ զբաղեցնում էր կուսակցության նախագահը:

Նաիրա Զոհրաբյանը թե՛ այսօր կայացած ճեպազրույցում, թե՛ կայքի հետ ունեցած զրույցում շեշտեց, որ կուսակցությունում հակակշիռ ստեղծելու համար ցանկանում է տարանջատել կուսակցության նախագահի եւ քաղխորհրդի նախագահի պաշտոնները: Նա ավելացրեց, որ այս որոշումը հավանության է արժանացել տեղական կառույցներում եւ հենց քաղխորհրդի կողմից:

Նաիրա Զոհրաբյանը շեշտեց, որ քաղխորհրդի նախագահի տեղակալ ընտրված Վարդան Վարդանյանին առաջարկել է առանց ավելորդ ձեւականությունների, դե ֆակտո ստանձնել քաղխորհրդի նախագահի պաշտոնը, մինչեւ հաջորդ համագումարում համապատասխան որոշում կայացվի, եւ պաշտոնը ստանձնի արդեն դե յուրե: Բանն այն է, որ ըստ գործող օրենսդրության՝ նման փոփոխություն իրականացնելու համար դեռ մեկ ամիս առաջ պետք է դիմում ներկայացվեր ՀՀ արդարադատության նախարարությանը:

Այսպիսով, ստահոդ են այն տեղեկությունները, թե ԲՀԿ-ում նոր է ստեղծվելու քաղխորհրդի նախագահի պաշտոնը, եւ, առավել եւս, իրականությանը չեն համապատասխանում այն լուրերը, թե այն հատուկ ստեղծվել է ինչ–որ մարդու համար:

Աղբյուրը՝ «Top-News.am»

Այս խորագրի վերջին նյութերը