Լրահոս

03.03.2015 11:06


Է. Նալբանդյան. «Բարբարոսները պատերազմ են հայտարարել մարդկությանը»

Է. Նալբանդյան. «Բարբարոսները պատերազմ են հայտարարել մարդկությանը»

Հայաստանի արտգործնախարարը Ժնևում ելույթ ունեցավ Մերձավոր Արևելքի քրիստոնյաների իրավունքների պաշտպանությանը նվիրված քննարկմանը

Մարտի 2-ին Ժնևում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց և ելույթ ունեցավ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի 28-րդ նստաշրջանի շրջանակներում կայացած «Աջակցություն Մերձավոր Արևելքում քրիստոնյաների իրավունքներին» խորագրով քննարկմանը։

Բացման խոսքերով հանդես եկան Ռուսաստանի, Հայաստանի և Լիբանանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը, Էդվարդ Նալբանդյանը և Ջեբրան Բասիլը։

Իր խոսքում Էդվարդ Նալբանդյանը նշեց.
«Մերձավոր Արևելքը հանդիսանում է բազմաթիվ քաղաքակրթությունների և կրոնների, ներառյալ՝ քրիստոնեության բնօրրան: Ցավոք, այսօր այս տարածաշրջանում քրիստոնեության գոյությունը լուրջ վտանգի տակ է: Քրիստոնյա փոքրամասնությունների դեմ հարձակումների մասին տագնապալից լուրերը հաճախակի են դարձել: Քսանմեկ եգիպտացի ղպտիների գլխատումը և Սիրիայում ասորիների դեմ դաժան հարձակումները միայն վերջին դրվագներն են: Այս տարածաշրջանում քրիստոնյաների նկատմամբ հալածանքը միայն այսօրվա երևույթ չէ: Բավական է նշել, որ քրիստոնյաների թիվը բնակչության ընդհանուր թվի հարաբերակցությամբ 20-րդ դարասկզբի առավել քան 20%-ից 21-րդ դարասկզբին նվազել է 5%-ից էլ պակաս: Մերձավոր Արևելքի քրիստոնյաները կարող են դիտարկվել որպես անհետացման եզրին հայտնված ամենախոցելի խմբերից մեկը՝ այդպիսով պահանջելով անհապաղ գործողություններ՝ նրանց պաշտպանության և աջակցության համար»։

«Որևէ մեկին չպետք է մոլորեցնի այն, որ կրոնական փոքրամասնությունների, մասնավորապես՝ Սիրայում և Իրաքում քրիստոնյաների դեմ շարունակվող բռնությունը իրականացվում է հենց կրոնի անունից: Մենք գործ ունենք այսպես կոչված «Իսլամական պետության», «Ալ-Նուսրայի» և այլ ահաբեկչական խմբերի կողմից քաղաքակիրթ աշխարհի դեմ հանցագործությունների հետ։ Բարբարոսները պատերազմ են հայտարարել մարդկությանը:

Ահաբեկչական այս խմբավորումները մեծապես օգտվում են օտարերկրյա գրոհայինների ու ֆինանսական հոսքերից։ Նրանք սպառնում են կրոնական ու էթնիկ ամբողջական խմբերի գոյությանը: Ուստի պայքարը այդ ահաբեկիչների դեմ պետք է ընթանա ցեղասպանությունների կանխարգելման համատեքստում։

Հայաստանը միանշանակորեն դատապարտել է վերոհիշյալ ահաբեկչական խմբերի կողմից իրականացված ոճրագործությունները, ներառյալ՝ Իրաքի եզդիների դեմ։ Մենք բազմաթիվ առիթներով կոչ ենք արել միջազգային հանրությանը՝ վճռական քայլեր ձեռնարկել նոր արհավիրքի դեմն առնելու նպատակով: Մենք շարունակաբար շեշտել ենք ահաբեկչական խմբերին ցուցաբերվող ցանկացած աջակցության անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը, այդ թվում՝ անդրսահմանային հարձակումների համար հարևան երկրների տարածքների օգտագործումը: Այս առումով Հայաստանը լիովին աջակցում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի լիակատար կատարմանը:

2014թ. մարտի 21-ին Ալ Քաիդայի հետ սերտորեն կապված ահաբեկչական խմբավորումները հարձակում գործեցին հիմնականում հայերով բնակեցված թուրք-սիրիական սահմանի վրա գտնվող Քեսաբի վրա, որի հետևանքով տեղի բնակչությունը հարկադրված էր լքել իրենց օջախները: Ծայրահեղական խմբերը պղծեցին և ավերեցին Քեսաբի հայկական կրոնական և մշակութային ժառանգությունը», - շեշտեց Հայաստանի արտգործնախարարը։

Անդրադառնալով Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին` նախարար Նալբանդյանը նշեց. «Այս տարի ողջ աշխարհում ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Սիրիական Դեյր Զորը և շրջակա անապատը դարձան Հայոց ցեղասպանության հարյուր հազարավոր զոհերի մահվան քայլերթի վերջին հանգրվանը: Դեյր Զորի Սրբոց Նահատակաց Հայկական եկեղեցին սրբավայր էր, որն ամփոփում էր ցեղասպանության բազմաթիվ զոհերի մասունքները, հանդիսանում հիշատակի ոգեկոչման բազմաթիվ վայրերից մեկը: Սակայն Ցեղասպանության 100-րդ տարելիցին հնարավոր չի լինի հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին այնտեղ, քանզի 2014թ. սեպտեմբերին ահաբեկչական խմբավորումները քանդեցին եկեղեցին և պղծեցին սրբավայրը»:

«Մշակութային գլուխգործոցների կործանումը, որը, սովորաբար, հաջորդում է էթնիկ զտումներին, փորձ է՝ ջնջելու մարդկանց հիշողությունը, կործանելու հազարամյա պատմություն ունեցող հինավուրց մշակույթները և քաղաքակրթությունները: Մեկ շաբաթ էլ չի անցել այն օրից, երբ մենք բոլորս տեսանք սահմռկեցուցիչ տեսանյութը, թե ինչպես են «Իսլամական պետության» գրոհայինները Մոսուլի թանգարանում ավիրում 2700-ամյա հուշարձանները: Քաղաքակրթության դեմ ուղղված այս ոճիրը աղաղակող հիշեցումն է անցյալում տեղի ունեցած նմանատիպ բարբարոսական արարքների` Բուդդայի բամիանական արձանների, Տիմբուկտուի դամբարանների և Նախիջևանում հայկական միջնադարյան հազարավոր խաչքարերի ոչնչացման դեպքերի, երբ ադրբեջանական կառավարության աչալուրջ հսկողության ներքո հազարավոր հուշարձաններ ոչնչացվեցին: Այս բարբարոսության հետ կապված Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային խորհուրդը (ICOMOS) հայտարարեց, որ «այս ժառանգությունը, որ ժամանակին իր արժեքավոր տեղն էր զբաղեցնում համաշխարհային ժառանգության գանձերի շարքում, այլևս չի կարող փոխանցվել հաջորդ սերունդներին»:

Մի ժամանակաշրջանում, երբ մարդու իրավունքների պաշտպանությունը հանդիսանում է քաղաքակիրթ աշխարհի հիմնասյուներից, այլոց քաղաքակրթական արժեքների նկատմամբ անհանդուրժողականությունը, մշակութային և կրոնական ժառանգության միտումնավոր, հետևողական և շարունակաբար վնասումն ու ոչնչանցումը պետք է դատապարտվեն ամենայն վճռականությամբ», - ընդգծեց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

ՀՀ ԱԳՆ

Այս խորագրի վերջին նյութերը